Կստեղծվի ՀԱՊԿ երկրների ռազմարդյունաբերական կառույցները համակարգող խորհուրդ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների փոխվարչապետների մակարդակով նախատեսվում է ստեղծել խորհուրդ, որը պատասխանատու կլինի կազմակերպության շրջանակներում երկրների ռազմարդյունաբերական ոլորտների համագործակցության համար: Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ, ՌԴ ռազմարդյունաբերական խորհրդի քարտուղար Դմիտրի Ռոգոզինը:

ՀՀ ԶՈւ անձնակազմը ԲՏՌ-80 զրահափոխադրիչով. ՀԱՊԿ զորավարժություն, 2013թ.

ՀՀ ԶՈւ անձնակազմը ԲՏՌ-80 զրահափոխադրիչով. ՀԱՊԿ զորավարժություն, 2013թ.

Պաշտոնյայի խոսքով՝ խորհրդի առաջին նիստը, որն ամենայն հավանականությամբ ղեկավարելու է հենց ինքը, նախատեսված է անցկացնել 2015-ի մայիսին և արդեն որոշված է այդ նիստի ժամանակ քննարկել ու ընդունել ՀԱՊԿ տարածքում սպառազինություններն ընդհանուր ստանդարտի բերելու հարցը:

Դա նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներում արտադրվող և արդիականացվող սպառազինությունները կունենան իրենց դասակարգման կոդերը, ինչն, ըստ Ռոգոզինի, կհեշտացնի տեխնիկայի նորոգման ու գնագոյացման խնդիրները: Ընդհանուր ստանդարտիզացիայից հետո խորհրդի հաջորդ որոշումները կվերաբերեն ՀԱՊԿ անդամ երկրների ձեռնարկություններին նորոգման ու արդիականացման պատվերների տրամադրմանը:

Նշենք, որ սպառազինությունների նման ստանդարտիզացիա ներկայում գործում է ՆԱՏՕ երկրների համար: STANAG (STANdardization AGreement) անվանումը ստացած ընդհանուր ստանդարտների քանակը ներկայում հասնում է մոտ 1300-ի, դրանց մեջ մտնում են զենքերի (այդ թվում՝ դրանց տրամաչափերի), այլ սպառազինությունների, ռազմական տեխնիկայի և դրա պաշտպանվածության մակարդակների, քարտեզագրական, կապի միջոցների, տեղեկատվական անվտանգության և բազմաթիվ այլ ստանդարտներ:

Նման ընդհանուր ստանդարտիզացիան ՆԱՏՕ անդամ երկրներին թույլ է տալիս հեշտությանմբ նույնականացնել (իդենտիֆիկացնել) մյուս երկրներում արտադրված սպառազինությունը (այլ արտադրանքը), նորոգել և արդիականացնել դրանք առանց ավելորդ ծախսերի:

Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա։

4 responses to “Կստեղծվի ՀԱՊԿ երկրների ռազմարդյունաբերական կառույցները համակարգող խորհուրդ

  1. Pingback: Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԳՇ պետերի ռազմական կոմիտեի նիստը | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5-11 ապրիլի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: ՀԱՊԿ երկրները կարող են ռազմական արտադրանք և մասեր մատակարարել ՌԴ ձեռնարկություններին | Ռազմ.info

  4. Pingback: ՀԱՊԿ-ն կքննարկի մասնակից երկրների ռազմական արտադրանքի մատակարարումները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *