Ուզում եմ սահմանում ծառայել, ոչ թե գրագրություն անել. կուրսանտ աղջիկ (ֆոտո)

Կանանց միամսյակի առթիվ Ռազմինֆոն փորձել է հասկանալ, թե ինչպես են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ աղջիկները պատկերացնում զինվորական գործն ու կին լինելը համատեղելը։ Այսօրվա հերոսուհու՝ մոտոհրաձգային վաշտի կուրսանտ Սեդա Սադյանի երազանքը հետախույզ կամ դիպուկահար դառնալն է։

Վարժանքներ միասին

Վարժանքներ միասին

— Սեդա´, որտեղի՞ց եք։

Տավուշի մարզ, գյուղ Չորաթան։

— Դպրոցն ավարտել ու եկե՞լ եք։

Չէ´։ Դպրոցը ավարտել եմ 18 տարեկանում, իսկ այստեղ ընդունվել եմ 19 տարեկանում։ Դպրոցն ավարտելուս տարին ընդունելություն չկար, մի տարի սպասեցի, որ այստեղ գամ, թե չէ ուրիշ տեղ կարելի էր ընդունվել։ Ուղղակի ռազմական գործը շատ եմ սիրում, դրա համար այստեղ ընդունվեցի։

— Ռազմական գործի ի՞նչն եք սիրում։

Կան աղջիկներ և տղաներ, որ համազգեստը սիրելով են գալիս, տղաներն էլ երբեմն ժամկետային զինծառայությունից խուսափելու համար։ Իմ դեպքում իմ բնակավայրն է ավելի շատ երևի ոգեշնչել, որ գամ այստեղ։ Գյուղս սահմանամերձ է… չգիտեմ էլի…

— Ընտանիքում ինչպե՞ս ընդունեցին։

Մերո՞նք (ծիծաղում է): Ծնողներս սկզբում դեմ էին, հայրս չէր թողնում, մայրս նույնպես դեմ էր, բայց վերջում օգնեցին, դրա համար ես արդեն այստեղ եմ, ութ ամիս է՝ սովորում եմ։

— Ինչպիսի՞ն է հասարակության վերաբերմունքը ձեր (կուրսանտ աղջիկների) նկատմամբ։

Երբ համազգեստով տուն ենք գնում, նստում ենք երթուղային, շատերը, հիմնականում մայրիկներ, տատիկներ ասում են ՝ «էրեխեք, խի՞ եք գնացել, ախր դա ձեր տեղը չի, աղջիկների տեղ չի», բայց մենք արդեն ընտրել ենք մեր ճանապարհը։

— Հետագայում որտեղ, ո՞ր հատվածում կուզենայիք շարունակել Ձեր ծառայությունը։

Հետագայում ավելի շատ կցանկանայի մեզ մոտ՝ Տավուշում, ծառայել։ Հիմնականում սահմանում կցանկանամ, ոչ թե ինչ-որ գրագրություն անեմ, չէ´, ավելի լավ է սահման գնամ։

Սեդա Սադյանը զենքի քանդման-հավաքման ժամանակ

Սեդա Սադյանը զենքի քանդման-հավաքման ժամանակ

— Հնարավո՞ր է ինքներդ դիմում գրեք, որ Ձեզ Ձեր նախընտրած հատվածում նշանակեն։

Ճիշտ այդպես։ Չորս տարի հետո ինքնակամ ընտրություն կատարելու հնարավորություն եթե լինի, անպայման կգրեմ դիմում։

— Սիրելի զենք ունե՞ք։

Սկզբնական շրջանում անցել ենք միայն ԱԿ-74 ինքնաձիգի մասին, այսօր (հարցազրույցի օրը-հեղ) ՊԿ գնդացիր ենք անցել, գերազանց քանդել եմ։ Դա ավելի հզոր զենք է, դրա համար էլ այդ զենքն ավելի շատ եմ սիրում։ Ճիշտ է՝ առաջին օրն եմ ծանոթացել, բայց արդեն շատ եմ սիրում։

Զենքը քանդելիս հաղթեց Սեդան, իսկ հավաքելիս տղա կուրսանտը

Զենքը քանդելիս հաղթեց Սեդան, իսկ հավաքելիս տղա կուրսանտը

— Զինվորական մասնագիտության ո՞ր ուղղվածություն եք ընտրել կամ ընտրելու։

Դեռ չեմ ընտրել, բայց հոգեհարազատ է դիպուկահարի կամ հետախույզի գործը։ Դրանց մեջ եմ տատանվում։

— Հիմա քանի՞ տարեկան եք։

Հիմա տասնինը տարեկան եմ։ Մի քանի օրից կդառնամ 20 տարեկան։

Ընտանիք ունենալու մասին մտածու՞մ եք։

Դեռևս ընտանիք ունենալու մասին ընդհանրապես չեմ մտածում, ուսումիցս հետո հնարավոր է մտածեմ, բայց քանի այստեղ եմ, պիտի միայն մտածեմ ուսմանս մասին, լավ սովորեմ։ Իսկ ընդհանրապես, դե, բնականաբար, պիտի ընտանիք ունենամ։

— Իսկ մոտավոր ժամանակահատված կա՞, որ մտածում եք՝ այդ ժամանակ լավ կլինի ամուսնանալ։

Դե… 25-ից հետո։

Հայոց պատմության դասաժամին

Հայոց պատմության դասաժամին

— Իսկ քանի՞ երեխա եք ուզում ունենալ։

Երկու։

— Աղջի՞կ, տղա՞։

Աղջիկ։

— Երկո՞ւսն էլ։

Երկուսն էլ։

— Իսկ ինչո՞ւ ոչ տղա։

Չէ, տղա չէ։ Տղա էլ կարելի է, բայց… աղջիկ։

— Իսկ ինչ եք պատկերացնում Ձեր կողակիցը ո՞ր ոլոտից է լինելու։

Դե երևի ավելի լավ կլինի մեր գործում կողակից ընտրել զինվորական մասնագիտություն ունեցող մարդկանցից։ Եթե քաղաքացիական մարդկանց ընտրենք, երևի դեմ կլինեն և չեն թողնի սովորենք կամ ինչ-որ տեղ ծառայենք։ Դրա համար ավելի լավ է համակարգից լինի, իրար հետ գանք աշխատանքի, իրար հետ գնանք…

Իսկ հրամաններ տալու առումով կաշկանդվու՞մ եք կամ…

Հրամաններ տալու առումով չեմ կաշկանդվում։ Դպրոցական տարիներին լիդեր եմ եղել, սիրում եմ առաջնորդ լինել, սիրում եմ հրամաններ տալ։

Իսկ տղաների հետ հարաբերություններն ինչպե՞ս դասավորվեցին։ Երբ եկաք, ձեզ ինչպե՞ս ընդունեցին։

Տղաների հետ առաջին երկու օրը վատ էր անցնում, չէին շփվում, անընդհատ ասում էին, թե ինչու ենք եկել, չէին կարողանում իրենց միայն տղայական միջավայրում դրսևորել։ Բայց դե հետագայում մտածեցին, տեսան, որ ինչպես իրենք են սովորում, այդպես էլ կարող են աղջիկները սովորել։ Հիմա ընդունում են մեզ իրենց քույրերի պես, օգնում են ամեն հարցում, մենք էլ իրենց՝ ուսման հարցում։

— Իսկ կուզենայի՞ք, որ Ձեր աղջիկներն էլ զինվորական դառնային։

Այո´, իհարկե, ես պիտի անպայման այնպես անեմ, որ գոնե մեկը ընտրի այս մասնագիտությունը, քանի որ զինվորական լինելը պարծանք է։ Հայրենիքը պաշտպանելը բոլորինս է։

— Իսկ հակառակորդի մասին պատկերացումներն ինչպիսի՞ն են։

Հակառակորդի մասին պատկերացումս լրիվ իրական է։ Երբ գնում էինք մեր այգիները մշակելու, հենց այդտեղից ադրբեջանական Աղդամ գյուղը երևում էր մոտիկից, հիմա մեր այգիները էլ չենք մշակում կրակելու պատճառով։ Պիտի լավ սովորեմ, լավ սպա դառնամ ու ադրբեջանցիներին ցույց տամ հայի ուժը։

— Ի՞նչ եք կարծում՝ կինը հայկական բանակում ինչպիսի՞ դեր ունի։

Կինը հայկական բանակում շատ մեծ դեր ունի, թե´ սպաների կարգապահության, թե´ իրենց զսպվածության առումով։

Մարզումների ժամանակ

Մարզումների ժամանակ

— Ինքներդ ինչպե՞ս հարմարվեցիք այս կարգուկանոնին, առավոտյան վերկացին, ժամանակով հագնվելուն, պատրաստվելուն։

Այստեղ մնացել ենք «Երիտասարդ մարտիկի» շրջանում (մինչև երդման արարողությունը, ուսումնական մեկ ամիսը-հեղ)։ Չեմ բողոքել վերկացից, առավոտյան վարժանքից։ Այդ ամենը շատ լավ է անցել, քան մյուս ամիսները։ Ավելի հետաքրքիր էր տղաների հետ վազելը, հետո ճաշարան մտնելը բոլորի հետ, հերթ կանգնելը։

— Չե՞ք կարոտում քաղաքացիական հագուստները։

Քաղաքացիական հագուստները չեմ կարոտում, ոչ էլ կոշիկները, ոչ էլ այն աքսեսուարները, որ կրում են բոլոր աղջիկները։ Ես ինձ ավելի ոգեշնչված եմ զգում զինվորական համազգեստի մեջ, դրա համար էլ ընտրել եմ։ Եթե չուզենայի, չէի ընտրի։

— Իսկ հիմա Ձեր ծնողներն ինչպե՞ս են վերաբերվում։

Հիմա ծնողներս լավ են վերաբերվում, հայրս շուտ-շուտ է գալիս այցելության, ամեն հարցով օգնում է, մայրս նույնպես։ Մեր գյուղացիները հպարտանում են։

— Վախի զգացում կա՞ Ձեզ մոտ։

Ես ինքս չեմ վախենում, հիմա մեր կուրսանտներն ասում են գնանք, դիրքեր պահենք, բայց իրենք կրակոց չեն լսել, իրենք ժողովրդի տագնապը չեն տեսել, թե ինչպես են գետնափոր ինչ-որ ապաստարաններ մտնում, որ հանկարծ իրենց գնդակը չկպչի։ Նրանք ուղղակի չեն պատկերացնում՝ ինչ դժվար է սահմանամերձ գյուղում՝ այդ կրակոցների տակ, քնել կրակոցի տակ, արթնանալ կրակոցով։ Բայց ես չեմ վախենում։

— Ի՞նչ կուզենայիք փոխել բանակում։

Չգիտեմ, փոխելու բան էլ չկա բանակում, միայն մեր զինվորների թիվն ավելանա, չխուսափեն բանակից, իրենց հայրենիքն են պաշտպանում, ինչ-որ մեկի համար ինչ-որ գործ չեն անում։ Գնում են արտերկիր, փող են հավաքում, գալիս, վճարում ու խուսափում են բանակից։ Թող գնան երկու տարի ծառայեն, իրենց հայրենիքը պաշտպանեն ու գնան իրենց տները, իրենց ծնողների մոտ։

— Ի՞նչ խորհուրդ կտաք այն տղաներին, ովքեր այս պահին դիրքերում են։

Թող ոգեշնչված լինեն, մենք էլ իրենց կողքին ենք ցանկացած պահի, ցանկացած դեպքում։ Թող արի և ուշադիր լինեն։

— Ինչ-որ բան կավելացնե՞ք։

Կուզենամ, որ նոր ընդունվող աղջիկները չհրաժարվեն իրենց մտքից, թող ընդունվեն, եթե ընտրել են այս ճանապարհը, եթե սիրում են։ Մենք էլ ենք վախենալով ընդունվել, բայց հիմա արդեն բոլորին խորհուրդ ենք տալիս, որ գան։ Դուք էլ կարող եք գալ։ (Դիմում է Ռազմինֆոյի ֆոտոլրագրող Սոսե Մուրադյանին

Զրուցեց՝  Հասմիկ Մելիքսեթյանը

Նկարները՝  Սոսե Մուրադյանի

2 responses to “Ուզում եմ սահմանում ծառայել, ոչ թե գրագրություն անել. կուրսանտ աղջիկ (ֆոտո)

  1. Pingback: Armday – Ուզում եմ սահմանում ծառայել, ոչ թե գրագրություն անել. կուրսանտ աղջիկ (ֆոտո)

  2. Pingback: Ռազմական ինստիտուտի աղջիկ կուրսանտների ծառայության մասին պատմում են նրանց սպաները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *