Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Այսօր՝ ապրիլի 2-ին, Թբիլիսիի հյուրանոցներից մեկում դռնփակ նիստում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև եռակողմ ռազմական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր», հաղորդում է Վրաստանի պաշտպանության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Հաղորդագրության համաձայն, նիստի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն առաջարկել է համագործակցությունը խորացնել ռազմական կրթության ոլորտում, ինչին հաջորդել է Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի առաջարկը՝ Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում կազմակերպել վերապատրաստման ամառային դասընթաց երեք երկրների զինծառայողների համար։

Դռնփակ նիստից հետո պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ։

Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

Մինդիա Ջանելիձեն պնդել է, որ այս եռակողմ հանդիպումների նպատակն է տարածաշրջանում պահպանել խաղաղություն և հավասարակշռություն և որ այն իբր որևէ կերպ ուղղված չէ երրորդ կողմի դեմ։ «Մեր ներկայիս համագործակցության համար նախանշվել են ռազմական կրթությունը, միացյալ զորավարժությունները և համագործակցության այլ ոլորտները, որոնք դինամիկ զարգանում են»,- հայտարարել է Ջանելիձեն։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի պնդման՝  «եռակողմ հանդիպումները կարևոր են Հարավային Կովկասում խաղաղություն և հավասարակշռություն պահպանելու գործում»։

«Մենք որոշել ենք շարունակել աշխատել պաշտպանական համակարգում հուշագրի ուղղությամբ։ Երբ ստորագրենք փաստաթուղթը, մենք էական զարգացում կարձանագրենք։ Իսկ հաջորդ նման հանդիպումը նախատեսվում է այս տարվա աշնանը Թուրքիայում»,- ասել է Յըլմազը։

Հատկանշական է, որ կայունության մասին խոսում են տարածաշրջանի այն պետությունները, որոնք հենց իրենք են ապակայունացնում իրավիճակը նույն տարածաշրջանում։

Կայունությունը քննարկող պետություններից Վրաստանը 7 տարի առաջ հարձակվեց Հարավային Օսիայի վրա, Թուրքիան խնդիրներ ունի իր գրեթե բոլոր հարևանների հետ։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդամենն օրեր առաջ՝ Նովրուզ Բայրամի տոների ժամանակ, հրամայել էր ադրբեջանցի զինծառայողներին ամեն առիթ օգտագործել հայերին «հարվածելու» համար։

Եվ ահա չլուծված մի շարք խնդիրներ ունեցող այս երեք պետությունները որոշում են տարածաշրջանում «կայունության և խաղաղության» հաստատման երաշխավորներ դառնալ։

Մեջտեղում Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն է

Մեջտեղում Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն է

Եռակողմ հանդիպումից հետո Ջանելիձեն առանձին-առանձին հանդիպել է նաև այդ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին։

Հիշեցնենք, որ այս երեք երկրների պաշտպանության նախարարների առաջին եռակողմ հանդիպումը կայացել էր 2014-ի օգոստոսի 19-ին՝ Նախիջևանում։ Այն ժամանակ Վրաստանի ՊՆ-ն ղեկավարում էր Իրակլի Ալասանիան։

2014թ. հանդիպման ամփոփման ժամանակ հայտարարվել էր, որ նախարարները որոշել են անցկացնել համատեղ զորավարժություններ՝ ուղղված հիմնականում նավթամուղների ու գազամուղների պաշտպանության ապահովմանը։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել համատեղ համաժողովներ, սեմինարներ, ռազմական կրթության ոլորտում եռակողմ համագործակցությանը նպաստող միջոցառումներ անցկացնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *