Վրաստանն ու ՆԱՏՕ-ն 2015-ին համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի  իրականացման ընթացքը լավ է։ ՆԱՏՕ-ի մասնագետներն օգնում են համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծման հարցերով, բացի այդ էլ, ամռանը ՆԱՏՕ-ն Վրաստանի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի։

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայ

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայ

Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, «Վրաստանի ատլանտյան խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։

Նշենք նաև, որ մարտի կեսերին վրաստանյան Agenda լրատվակայքը հայտնել էր, որ Վրաստանն ու ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հետ համատեղ զորավարժություն են անցկացնելու Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանի զորավարժարանում։ Ինչպես հայտնում է լրատվակայքը, Noble Partner անունը կրող վարժանքներն անց են կացվելու մայիսի 11-25-ը։

Այսպիսի զորավարժություն Վրաստանում առաջին անգամ է անցկացվելու, այդ իսկ պատճառով նախապատրաստական վերջնական  աշխատանքները շարունակվել են մինչև փետրվար։

Հայտնի է, որ վրաստանյան կողմից մասնակցելու են ԶՈւ 1-ին բրիգադի 12-րդ գումարտակը, մեխանիզացված 4-րդ բրիգադի 42-րդ գումարտակը, ինչպես նաև ռազմական ոստիկանության մեկ դասակ։

Տեղեկացնենք, որ 2008-ին Բուխարեստում անցկացված՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում սկսվեց Վրաստանին անդամակցության պատրաստելու գործընթացը: 2014-ի սեպտեմբերի 4-ից 5-ն Ուելսում կայացած ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ Դաշինքի կազմի մեջ մտնելու Վրաստանի քայլերին ի պատասխան, վերջինիս առաջարկվեց համագործակցության նոր փաթեթ։ Այն ենթադրում է Վրաստանում ուսումնական կենտրոնի հիմնում և լոգիստիկ կենտրոնի բացում։

Այժմ Վրաստանն ակտիվորեն փոփոխություններ է անում պաշտպանական համակարգում՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու և Ուելսում համագործակցության նոր փաթեթի կետերն իրականացնելու համար։
2015-ին Դաշինքի մասնագետները մի քանի անգամ արդեն այցելել են Վրաստան և ուսումնասիրել են ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծման վայրը։ Այս պահին ուսումնական կենտրոնի հավանական «թեկնածուներից» են Վազիանի ռազմաբազայի տարածքն ու ազգային ուսումնական «Կրցանիսի» կենտրոնը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *