[Լրացված] Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներ. մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ մարտի 26-ին հայկական ուժերի հետ շփման գծում սպանվել է Գերանբոյի շրջանի Սեֆիքյուրդ գյուղից զորակոչված պայմանագրային զինծառայող Քազըմով Էթիբար Խուդավի օղլուն։ Զինծառայողի մահվան մասին սոցցանցերում հայտնում է նաև նրա ծանոթներից մեկը։

Քազըմովի մահվան մասին հրապարակումը «Մուսավաթի» կայքում

Քազըմովի մահվան մասին հրապարակումը «Յենի Մուսավաթի» կայքում

Հարկ է նշել, որ սույն տեղեկությունը ժամը 20:30-ին տեղադրվել է նաև ադրբեջանական «Յենի Մուսավաթ» թերթի կայքում, սակայն քիչ անց այն հեռացվել է՝ մնալով հասանելի Google որոնողական համակարգի տվյալների բազայում։ Սա թերևս Ադրբեջանում բանակի կորուստների թեմայով հրապարակումների պաշտոնական արգելքի հերթական ապացույցն է։

Զինծառայողի մահվան մասին հայտնող և այնուհետև հեռացված հոդվածում նշվում էր, որ Սեֆիքյուրդ գյուղի բնակիչները հավաքվում են շեհիդի հոր (Քազըմով Խուդավի Աբդուլլա օղլուի) տան մոտ։

Հավելենք, որ 2015 թ. մարտ ամսին սա ադրբեջանական բանակի՝ Ռազմինֆոյի արձանագրած 9-րդ կորուստն է։ Բացի այդ, հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում սպանված ևս 3 զինծառայողի մասին ավելի վաղ՝ մարտի 7-ին, հայտնել էր հայկական Times.am լրատվակայքը։ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկությունը չէր հերքել։

Լրացում. (27.03.2015, ժ 13:10)

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն ի պատասխան Trend գործակալության հարցմանը հաստատել է զինծառայողի մահվան մասին տեղեկությունը, սակայն պաշտոնական հաղորդագրությամբ դեռևս հանդես չի եկել։ Հարցմանն ի պատասխան նշվել է նաև, որ դեպքը գրանցվել է Թարթառի շրջանի Գափանլը գյուղի ուղղությամբ։

Նկատենք, որ պաշտպանական գերատեսչությունում պայմանագրային զինծառայող Էթիբար Քազըմովի մահվան փաստը հաստատել են միայն այն բանից հետո, երբ լուրը սոցցանցերում արդեն իսկ ստացել էր լայն տարածում։