ԱՄՆ-ն կֆինանսավորի Աֆղանստանի զինված ուժերի վերապատրաստումը մինչև 2017թ․

ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը մարտի 24-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը մինչև 2017թ. շարունակելու է ֆինանսավորել Աֆղանստանի զինված ուժերի շուրջ 352 հազար զինծառայողների վերապատարաստումը: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը:

Ամերիկացի զինվորականներն Աֆղանստանում

Ամերիկացի զինվորականներն Աֆղանստանում

ԱՄՆ նախագահի նստավայր Քեմփ Դեյվիդում մարտի 23-ին Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի, պաշտպանության քարտուղար Քարթերի և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայի համատեղ ասուլիսի ժամանակ Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ֆինանսավորելու է նաև Աֆղանստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայը աֆղանական զինված ուժերի ֆինանսավորումը շարունակելու մասին ԱՄՆ-ի որոշումը որակել է առանցքային և հավելել, որ այն նաև փաստում է ամերիկյան աջակցության շարունակական լինելը:

Հիշեցնենք, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայը մարտի 22-ին հնգօրյա այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հայտարարել է, թե իր երկրի բնակչության մեծ մասը կողմ է, որ ամերիկյան զորքերը շարունակեն տեղակայվել Աֆղանստանում, և վստահեցրել է՝ իր կառավարությունը մտադիր է համոզել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Աֆղանստանում հենակետ ձեռք չբերի:

Հավելենք նաև, որ դեռևս մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ղեկավարությունը մտադիր է պահել Աֆղանստանում ամերիկյան զորախմբի թվաքանակը և հրաժարվել զորքերը մինչև 5500-ի նվազեցնելու վերաբերյալ երկկողմ պայմանագրից։ Որոշումը կապված է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտության հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *