Վրաստանի վարչապետն ու ԶՈւ ԳՇ պետը ծանոթացել են չեխական արտադրության զենքերին (վիդեո)

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ՝մարտի 24-ին, այցելել է չեխական Česká zbrojovka (CZ) ընկերության և վրաստանյան «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի համատեղ միջոցառմանը, որտեղ չեխական կողմը ներկայացրել է սեփական արտադրության տարբեր տեսակի հրաձգային զենքեր։

Վրաստանի վարչապետին ներկայացվում են չեխական արտադրության զենքեր

Վրաստանի վարչապետին ներկայացվում են չեխական արտադրության զենքեր

Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Միջոցառման ընթացքում վարչապետին ուղեցկել է նաև Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։ Ղարիբաշվիլին և Կապանաձեն, ինչպես նաև ներկա կանանցից մի քանիսը տեղում փորձարկել են զենքերը։

Ներկաների համար ներկայացվել է նաև չեխական Omnipol ընկերությունը, որը զբաղվում է ռազմական, ավիացիոն համակարգերի և սարքավորումների ներմուծմամբ և արտահանմամբ, ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացմամբ։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը տեսանյութ է կցել հաղորդագրությանը, որտեղ «Դելտա» կենտրոնի գլխավոր տնօրեն Ուչա Ձոձուաշվիլին ճեպազրույցում հայտարարում է. «Դելտան շարունակում է աջակցել Վրաստանի ուժային կառույցներին և դրա շրջանակներում պայմանագրեր է կնքում զենքի հիմնական արտադրողների հետ, ինչպես նաև ապահովում, որ դրանք ունենան վրաստանյան տեղական աջակցություն, և որ Վրաստանը տեխնիկապես կախված չլինի այլ երկրներից ներմուծվող ապրանքներից»։

Ձոձուաշվիլիի ուղիղ խոսքում հիշատակվող «վրաստանյան տեղական աջակցություն» արտահայտությունից ենթադրվում է, որ Վրաստանը չեխական ընկերության արտադրանքների տեղական տեխնիկական սպասարկումն է ապահովելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *