ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը «զորավարժությունների մրցավազք» են սկսել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները մարտի 16-ին Արկտիկայում սկսել են հնգօրյա զորավարժություն, որին մասնակցում են 38000 զինծառայող, ավելի քան 50 նավ և սուզանավ, 110 ինքնաթիռ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Արխիվային լուսանկար՝ ռուսական ձմեռային զորավարժությունից

Արխիվային լուսանկար՝ ռուսական ձմեռային զորավարժությունից

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ զորավարժությունների նպատակը ՌԴ ԶՈւ հյուսիսային նավատորմի մարտունակությունը և ռազմական գործողությունների դեպքում կենտրոնից սահման օգություն հասցնելու պատրաստվածության մակարդակը ստուգելն է,  և հավելել, որ նոր մարտահրավերներին և վտանգներին դիմակայելու համար զինված ուժերի մարտունակության բարձրացումն անհրաժեշտություն է:

Հատկանշական է, որ Արկտիկան Ռուսաստանի համար առաջին կարևորության ճակատներից մեկն է, և այս ուղղության ամրացումը ՌԴ-ն սկսել է դեռևս 2014-ի հուլիսին՝ այնտեղ վերականգնվելով մի քանի օդանավակայան, ինչպես նաև շահագործման համար պիտանի աստիճանի բերվելով մի քանի թռիչքուղի և 3 անգամ ավելացնելով իր ռմբակոծիչների թռիչքները:

Հատկանշական է, որ Նորվեգիայում՝ Ռուսաստանին սահմանակից Ֆինմարկ շրջանում, մարտի 9-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի Joint Viking զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև մարտի 18-ը: 1967-ից ի վեր Ֆինմարկում անցկացված ամենամեծածավալ զորավարժությանը մասնկացում են 5000 զինծառայող և մուրջ 400 միավոր զինտեխնիկա:

Շրջանառվում է կարծիք, որ ՌԴ զինված ուժերի հյուսիսային ուղղության վրա սկսած զորավարժությունը հենց ՆԱՏՕ-ի Joint Viking զորավարժության արձագանքն է, թեև ռուսաստանյան կողմը նշում է, որ անցկացնելիք զորավարժության մասին ավելի վաղ հայտնել է ԵԱՀԿ անդամ պետություններին:

Հիշեցնենք, որ Ուկրաինական ճգնաժամի շուրջ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարմանը զուգահեռ երկու կողմն էլ սկսել են մեծածավալ զորավարժություններ անցկացնել սահմանների տարբեր հատվածներում: Մասնավորապես ՆԱՏՕ-ի ծովային ուժերի 2-րդ մշտական խմբի անդամ երկրները միայն այս ամսվա ընթացքում 2 զորվարժություն է անցկացրել Սև ծովում (առաջինը՝ Թուրքիայի, իսկ  երկրորդը՝ Բուլղարիայի և Ռումինիայի հետ), իսկ մարտի 9-ին ԱՄՆ բանակի ստորաբաժանումները՝ շուրջ 3000 հոգանոց անձնակազմով և 120 միավոր զինտեխնիկայով,  Liberty Promise նավով ժամանել են Լատվիա՝ ՆԱՏՕ-ի Atlantic Resolve գործողության շրջանակներում զորավարժություն անցկացնելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *