Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է թաքցնել սպանությունը՝ նույնիսկ զինդատախազության հաղորդագրությունից հետո

Ներկայիս Ադրբեջանի Գյանջայի շրջանի զինդատախազությունն այսօր` մարտի 11-ին, ադրբեջանական Azvizion.az լրատվակայքին հայտնել է զինծառայող Բայրամով Անարի սպանության մասին՝ հավելելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ուշագրավ է, սակայն, որ ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV լրատվակայքը Բայրամով Անար Գյունեշ օղլուի սպանության մասին հայտնել էր դեռևս օրեր առաջ՝ մարտի 7-ին, սակայն այս օրերին Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես այդպես էլ չմեկնաբանեց տեղեկությունը՝ շարունակելով սեփական կորուստները թաքցնելու՝ ձախողման եզրին հայտնված քաղաքականությունը։

Սպանված զինծառայող Անար Բայրամովը

Սպանված զինծառայող Անար Բայրամովը

Այս համատեքստում պետք է նշել նաև, որ Azvizion.az լրատվակայքից Բայրամովի սպանության մասին հրապարակումը ժամեր անց հեռացվել է՝ մնալով հասանելի միայն որոնողական համակարգերի «քեշ-հիշողությունում»:

Վերոնշյալից միայն ժամեր անց զինդատախազության արդեն կենտրոնական ապարատը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ՝ հայտնելով հետևյալը. զինված ուժերի զորամասերից մեկում զինծառայող Բայրամով Անարի՝ մարտի 7-ին գրանցված սպանության գործով նախապատրաստված նյութերի հիման վրա, սպանություն կատարելու կասկածանքով մարտի 9-ին ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Բեյվերդիև Թուրալ Գյուլմիրզա օղլուն։

Սակայն նույնիսկ զինդատախազության այս հաղորդագրությունից հետո, պաշտպանության նախարարությունը զինծառայողի սպանության մասին շարունակում է լռել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Մռավում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայություն անցնող 24-ամյա Բայրամով Անար Գյունեշ օղլուն սպանվել է ծառայակցի կողմից։ Բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում Ռազմինֆոյին հայտնի էր դարձել, որ միջադեպը գրանցվել է մարտի 7-ին՝ զուգադիպելով սպանվածի քրոջ հարսանիքի օրվա հետ։ Նույն աղբյուրներից ավելի ուշ տեղեկացել ենք նաև, որ Սումգայիթից զորակոչված Բայրամովին հուղարկավորել են մարտի 8-ին Իսմայիլի շրջանի հայրական Յենիյոլ գյուղում։

One response to “Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է թաքցնել սպանությունը՝ նույնիսկ զինդատախազության հաղորդագրությունից հետո

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի մարտին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *