[Լրացված] ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռ է ընկել, ուղղաթիռում եղած 11 զինծառայողները կորել են

Այսօր գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ վայր է ընկել ամերիկյան բանակի UH-60 Black Hawk ուղղաթիռ: Ռազմական ուղղաթիռի անձնակազմի 4 անդամներն ու Ծովային հետևակի՝ ուղղաթիռում գտնվող 7 զինծառայողները կորել են: Այս մասին տեղեկացնում է CNN լրատվական կայքը:

UH-60M Black Hawk ուղղաթիռ

UH-60M Black Hawk ուղղաթիռ

Տեղական ժամանակով երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ գիշերը՝ ժամը 3-ի շրջանում) ուղղաթիռն անհետացել է մառախլապատ եղանակի պատճառով, իսկ արդեն 6 ժամ անց դրա բեկորները հայտնաբերվել են Օկալուզա կղզու ափերին:

Ուղղաթիռի կորած անձնակազմի ու անկման ժամանակ ուղղաթիռի մեջ եղած մյուս 7 զինծառայողների որոնումներին մասնակցում են ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական որոնողական խմբեր, սակայն դեռ չի հաջողվել գտնել զինծառայողներից ոչ մեկին: Անհայտ է մնում նաև ուղղաթիռի անկման պատճառը, սակայն նշվում է, որ թռիչքի ժամանակ տարածքը եղել է մառախլապատ, որոշ տեղերում տեսանելիությունը եղել է մինչև 400 մետրից էլ պակաս:

Գիշերային ուսումնական թռիչքին մասնակցել է նաև մեկ այլ UH-60 Black Hawk ուղղաթիռ, որն անվնաս հետ է վերադարձել դեպքի վայրից մոտ 100կմ հեռավորության վրա տեղակայված ռազմական բազա:

[Լրացում] Ուղղաթիռի անձնակազմի 4 օդաչուներն ու ուղղաթիռի մեջ եղած 7 զինծառայողները մարտի 12-ին ճանաճվել են մահացած: Ինչպես հայտնում է բրիտանական «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը, նրանց մարմնի մասերը հայտնաբերվել են ուղղաթիռի անկման վայրին մոտ գտնվող կղզու ափերին:

Ավելացնենք, որ ամերիկյան «Սիկորսի» ուղղաթիռաշինական կորպորացիայում արտադրվող UH-60 Black Hawk (Սև շահեն) բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը շահագործվում է 1979-ից։ Մինչ օրս արտադրվել է դրա ավելի քան 4 000 օրինակ։ 4 Հոգանոց անձնակազմ ունեցող (2 օդաչու, 2 կողային գնդացրորդ) ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 5 800 մետր է։ Սպառազինությունում ուղղաթիռն ունի տարբեր տրամաչափի գնդացիրներ, 70 մմ-անոց «Հիդրա» չկառավարվող հրթիռներ, ինչպես նաև լազերային նշանառությամբ օժտված «Հելֆայր» հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *