Թուրքիայի խորհրդարանը երկրի Ժանդարմերիան մտցրել է ՆԳ նախարարության մեջ

Մարտի 10-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է «Ներքին անվտանգության փաթեթում» ներառված ևս 5 հոդված։ Այդ հոդվածների համաձայն՝ ժանդարմերիայի հրամանատարությունը ներառվում է ներքին գործերի նախարարության կազմում։ Իսկ նահանգապետն իրավունք է ստանում նշանակել նահանգային ժանդարմերիայի հրամանատարներին՝ բացառությամբ գլխավոր հրամանատարական կազմի։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի խորհրդարանի (Թուրքիայի Ազգային մեծ ժողով) կայքը:

Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայի խորհրդարան

Հաստատված հոդվածներով փոփոխություններ են սահմանվում ոստիկանության պարտականություններում, ժանդարմերիայի կազմակերպությունում, պարտականություններում և լիազորություններում։ Ներառյալ այս հոդվածները՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն արդեն ընդունել է 52 հոդված՝ 132-ից։

Նահանգապետը նոր օրինագծի համաձայն կդառնա նահանգային ժանդարմերիայի անմիջական ղեկավարը։ Իսկ Ժանդարմերիայի ընդհանուր հրամանատարությունը պետք է ենթարկվի ներքին գործերի նախարարությանը։ Ղեկավար կազմի՝ այդ թվում նաև նահանգային ժանդարմերիայի ղեկավար կազմի նշանակումը ևս վստահվում է ՆԳՆ-ին։

Սակայն ժանդարմերիայի անձնակազմը շարունակելու է կապված լինել Թուրքիայի ԶՈւ անձնակազմի հետ։ Դա նշանակում է, որ ժանդարմերիայի զինծառայողները կրկին ընդհանուր զորահավաքով կզորակոչվեն և ԶՈՒ-ն կհաստատի այն անձանց ցուցակը, որոնք պարտադիր ծառայության կանցնեն ժանդարմերիայում։ Ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են այս փոփոխությունը՝ նշելով, որ ժանդարմերիան քաղաքացիականացվելու փոխարեն առավել քաղաքականացվում է։

Նշենք, որ իշխող կուսակցության՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ) ներկայացրած «Ներքին անվտանգության փաթեթը» բաղկացած է 132 հոդվածից։ Փաթեթի քննարկումները սկսվել էին դեռևս փետրվարի 17-ին, սակայն ինչպես այդ օրվա, այնպես էլ փետրվարի 18-ի, 20-ի և 22-ի ԹԱՄԺ-ի քննարկումների ընթացքում օրինագծի հետ կապված անհամաձայնություններ էին առաջացել իշխող ԱԶԿ-ի և ընդդիմադիր կուսակցությունների միջև, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Բախումների ընթացքում վիրավորվել էին մի շարք ընդդիմադիր պատգամավորներ։ Սակայն ԱԶԿ-ին ի վերջո հաջողվեց անցկացնել օրինագծի դրույթների մի մասը։ Փետրվարի 25-ին և 26-ին ընդունվեցին առաջին 26 հոդվածները, իսկ 27-ին՝ ևս 7 հոդված։

Օրինագծի քննարկումները շարունակվում են արդեն 21 օր և մի քանի անգամ հետաձգվել են։ Ընդունված հոդվածները հիմնականում վերաբերում են զանգվածային ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ սահմանվող հավելյալ արգեքներին, իսկ ոստիկանությանն առավել մեծ լիազորություններ են տալիս։ Նահանգապետն իրավունք է ստանում ինքնորույն որշումներ կայացնել նահանգի ներքին անվտանգության հարցերում, եթե իրավիճակը բավականին սուր է, ու պետք է շտապ գործել։

Նշենք, որ Թուրքիայի իշխանություններն այս օրինագիծն առաջ են քաշել 2014-ի հոկտեմբերի քրդական զանգվածային բողոքի ցույցերից հետո։ Ընդդիմադիր կուսակցությունները մտավախություն ունեն, որ այս օրինագիծը միևնույն ժամանակ ուղղված է լինելու նաև հնարավոր ընդդիմադիր ցույցերի ճնշմանը՝ ամռանը սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *