Թուրքիայում F-4 ռազմական ինքնաթիռների կործանման համար մեղադրում են Իսրայելին

Մեկնաբանելով վերջին տասը օրվա ընթացքում  3 ռազմական ինքաթիռների վթարները և դրա հետևանքով թուրք 6 սպաների զոհվելու փաստը՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ իրենք կորցրել են վստահությունը F-4 ռազմական ինքնաթիռների հանդեպ։ Այս մասին հայնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ՌՕՈւ F-4E 2020 ինքնաթիռի վթարի վայրը՝ Քոնիայի զորավարժարանի տարածքում

Թուրքիայի ՌՕՈւ F-4E 2020 ինքնաթիռի վթարի վայրը՝ Քոնիայի զորավարժարանի տարածքում

Նախարարը մասնավորապես նշել է.

«Մալաթիայի դեպքից հետո այժմ էլ Էսքիշեհիրում է նույն դասի ինքնաթիռ կործանվել։ Ինչքան էլ, որ այդ ինքնաթիռներն անվտանգ էին, մենք դրանք արդիականացրեցինք՝ ասելով, որ պետք է անընդհատ ստուգել այդ ինքնաթիռները, մտածեցինք, որ տարիքը կարևոր չէ։ Այժմ թուրք ժողովուրդը կորցրել է F-4 տեսակի ռազմական ինքնաթիռների հանդեպ ունեցած վստահությունը և սրանից հետո Թուրքիան պետք է նախքան այդ ինքնաթիռներն օգտագործելը լավ մտածի։ Այդ հարցով պետք է զբաղվեն Թուրքիայի Զու ԳՇ հրամանատարը և պատասխանատու ուժային հրամանատարները»։

Նշենք, որ փետրվարի 24-ին և մարտի 5-ին գրանցված ավիավթարներից հետո թուրքական մամուլում սկսել են ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ F-4 ռազմական ինքնաթիռները արդիականացվել են Իսրայելում։ Կարծիքներ են շրջանառվում, որ վթարները արդիականացման ընթացքում իսրայելական մասնագետների թույլ տված սխալների հետևանքն են։

Մասնավորապես, մարտի 5-ին «Միլլիյեթ» պարբերականի կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ 1998-2003 թվականներին Թուրքիան Իսրայելին վճարել է 632 մլն ԱՄՆ դոլար ՝ F-4 ինքնաթիռները նորացնելու և տեխնիկապես վերահամալրելու համար։

Այդ ժամանակից ի վեր ինքնաթիռները սկսել են ժամանակ առ ժամանակ վթարի ենթարկվել։ Մասնավորապես 2002-ից մինչ օրս կործանվել է 12 միավոր F-4 ռազմական ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի 15 սպա օդաչու։

Նշենք, որ մարտի 5-ին՝ ուսումնական թռիչք կատարելիս, Քոնիայում վթարվել էր Թուրքիայի ՌՕՈւ 112-րդ էսկադրիլիայի F-4E 2020 կործանիչներից մեկը, մահացել էին անձնակազմի երկու օդաչուները: Միջադեպը, ամենայն հավանականությամբ, գրանցվել է Քոնիայում անցկացվող թուրք-ադրբեջանական «ԹուրԱզ-2015» ՌՕՈւ համատեղ զորավարժության շրջանակներում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի կենտրոնական հատվածի Քոնյա քաղաքի մեձրակայքում գտնվող ռազմաօդային զորավարժարանում 2015-ի մարտի 2-ին մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որը տևելու է մինչև ապրիլի 2-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *