Իսրայելը հավասարության նշան է դրել Իրանի և ԻՊ-ի միջև

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մարտի 3-ին ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, խիստ քննադատել է Արևմուտքին՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում զիջողականության, հանդուրժողականության և համագործակցության պատրաստականության համար: Այս մասին հայտնում է BBC հեռուստաալիքի կայքը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսում

Նեթանյահուն ելույթի ժամանակ կոչ է արել աշխարհին միավորել ջանքերը և կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը, որը, իրենց կարծիքով, օգտագործվելու է նվաճումների և բռնաճնշումների համար: Վարչապետը նաև նշել է, որ Իրանը միշտ կմնա ԱՄՆ-ի թշնամին՝ անկախ «Իսլամական պետության» դեմ որդեգրած քաղաքականությունից, և հավելել, որ սխալ է մի ահաբեկչական կազմակերպության (ԻՊ) դեմ պայքարելով՝ Իրանի հետ հարաբերությունները բարելավելը, քանի որ դա  նշանակակում է հաղթել մի ճակատամարտում՝ տանուլ տալով ամբողջ պատերազմը:

Նշենք, որ Իրանի արտգործնախարարության խոսնակ Մերզիյե Աֆհամն Իսրայելի վարչապետի ելույթը որակել է Իրանի հասցեին հնչեցված բանսարկություն՝ հայտարարելով, որ Իրանի միջուկային ծրագիրը նման կերպ ներկայացնելը Իսրայելում առաջիկա ընտրությունների քարոզարշավի մի մասն է միայն: Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց Իրանի հետ համաձայնության գալ միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ, ինչի պատճառը Արևմուտքի անհանգստությունն է, թե Իրանը ձգտում է դառնալ միջուկային պետություն:

Հավելենք նաև, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Ժնևում բանակցություններ է իրականացնում Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ` ձգտելով մինչև մարտի 31-ը հասնել շրջանակային համաձայնագրի կնքման:

Իսրայելի վարչապետի վերոնշյալ հայտարարության և ընթացող բանակցությունների համատեքստում հատկանշական է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ մարտի 2-ին հայտարարությունը, ըստ որի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Թեհրանն առնվազն 10 տարով սառեցնի իր միջուկային ծրագիրը: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

Այս հայտարարությունը ևս դժգոհություն է առաջացրել Իրանում.  երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան պահանջները համարել է անընդունելի: Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքի կայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *