Հայկական բանակի կորուստները 2015-ի փետրվարին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2015 թվականի փետրվարի 1-ից 28-ն ունեցել են 6 զոհ և 1 վիրավոր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերն ունեցել է 1 կորուստ:

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

տարբերանշանՈրպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Կորուստներ

Փետրվար ամսվա 6 կորուստներից 3-ը մարտական են, 3-ը՝ ոչ մարտական։ Դրանք բոլորը գրանցվել են Պաշտպանության բանակում։ Մարտական 3 կորուստներն արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, մյուսները՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու, ինչպես նաև ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով ծագած միջադեպերի հետևանքով։

Մարտական կորուստներ

Փետրվարի 5-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը։

Փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ։ Ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը։

Ոչ մարտական կորուստներ

Փետրվարի 10-ին Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991-ին ծնված  Տիգրան Սամվելի Սիմոնյանը։ Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):  Ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը։

Փետրվարի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արման Սերգեյի Օսիպյանը:  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

Փետրվարի 27-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996-ին ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը: Փետրվարի 28-ին զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել)։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել ստորին ծնոտի շրջանում:

Վիրավորներ

Փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հարձակման ժամանակ, որի ընթացքում հայկական կողմը կրել է 2 կորուստ, ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ևս մեկ զինծառայող, ում կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին եղել են հրապարակումեր հայկական մամուլում, սակայն ո´չ ՀՀ ՊՆ-ն, ո´չ էլ ՊԲ-ն վիրավորի մասին պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։

Այսպիսով՝

Հունվար ” 12 զոհ և 8 վիրավոր*
Փետրվար ” 6 զոհ և 1 վիրավոր

Ադրբեջանական բանակի կորուստներն՝ այստեղ։

One response to “Հայկական բանակի կորուստները 2015-ի փետրվարին. Ռազմինֆո

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի փետրվարին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *