Aselsan և Thales ռազմարդյունաբերական ընկերությունները համաձայնագիր են ստորագրել

Թուրքական «Ասելսան» (Aselsan) ռազմարդյունաբերական ընկերությունն Աբու-Դաբիում  անցկացված IDEX-2015 ցուցահանդեսի շրջանակներում 2015-ի փետրվարի 25-ին համագործակցության  համաձայնագիր է ստորագրել բրիտանական Thales Air Defence ռազմարդյունաբերական ընկերության հետ։ Այս մասին հայտնում է Thales ընկերության կայքը։

«Ասելսանի» հրթիռային արձակման կայանը, որի վրա նախատեսվում է տեղադրել Thales-ի LMM հրթիռները

«Ասելսանի» հրթիռային արձակման կայանը, որի վրա նախատեսվում է տեղադրել Thales-ի LMM հրթիռները

Համաձայնագրով նախատեսվում է Thales Air Defence ընկերության LMM (Lightweight Multi-role Missile – թեթև բազմանպատակային հրթիռ) հրթիռները հարմարեցնել «Ասելսանի» արտադրած հրթիռների արձակման կայանին։

Համաձայն «Ասելսան» ընկերության կայքում նշված տեղեկության՝ ընկերություններն այդ ուղղությամբ աշխատանքներ սկսել են դեռևս 2010-ին, իսկ Thales-ի հրթիռներն «Ասելսանի» արձակման կայանից առաջին անգամ փորձնականորեն արձակվել են 2014-ին։

LMM ղեկավարվող հրթիռն արտադրվում է Մեծ Բրիտանիայի պատվերով։ Հրթիռի զանգվածը 13կգ է, երկարությունը՝ 1,3մ, տրամաչափը՝ 76մմ։ Հրթիռի առավելագույն հեռահարությունը 8կմ է:

Նշենք, որ  բրիտանական Thales Air Defence ընկերությունը մտնում է ֆրանսիական Thales կոնցերնի մեջ։ 2013-ին Thales Air Defence-ը 56 երկրի հետ մոտ 14,2մլրդ ԱՄՆ դոլարի տեխնիկայի վաճառքի պայմանագիր է ստորագրել։

«Ասելսանի» արտադրած արձակման կայանը ստեղծված է ռազմանավերի վրա տեղադրելու և կարող է բազմանպատակային հրթիռները արձակել մինչև 6000մ հեռավորության վրա եղած թիրախների վրա:

Ավելացնենք, որ «Ասելսան» ռազմարդյունաբերական ձեռնարկությունը ստեղծվել է 1975 թվականին։ Այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ և Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունն է։ «Ասելսանը» մշակում և արտադրում է ժամանակակից էլեկտրոնային համակարգեր Թուրքիայի և արտերկրի ռազմական շուկաների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *