Փետրվարի 24-ին համացանցում հրապարակվել էին ՌԴ պետհամարանիշներով Թբիլիսիում կանգնած ԶԻԼ մակնիշի 2 բեռնատարի լուսանկարներ, ինչը վրաստանյան մեդիադաշտում ներկայացվեց, թե իբր «Վրաստանը տեղի է տվել Ռուսաստանի ճնշմանն ու բացել դեպի Հայաստան ռազմական բեռների տեղափոխումը»։
Մեքենաները, ըստ լուրերը տարածողների, Ինգուշեթիայի հանրապետության համարանիշներ են ունեցել և, ամենայն հավանականությամբ, տեղափոխվելու էին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազա։
Այս հայտարարություններին արձագանքելով՝ Վրաստանի խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարեց, որ բեռնատար մեքենաները պատկանում են անհատ գործարարի և բերվել են Վրաստան՝ պահեստամասերը վաճառելու համար:
Նույն օրվա ավարտին լուսանկարներին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ նաև ՆԳՆ հանրային կապերի բաժնի պետ Նինո Գիորգոբիանին. «ՆԳՆ-ն ամբողջովին տիրապետում է այդ մեքենաների վերաբերյալ տեղեկությանը։ Դրանք նախատեսված չեն ռազմական օգտագործման համար և Վրաստանի կամ հարևան որևէ երկրի համար վտանգ չեն ներկայացնում։ Ռազմական մեքենաներին տրված են տարանցիկ համարանիշներ, որոնցով արգելվում է երրորդ երկիր մուտքը»,- հաղորդում է վրաստանյան Newsgeorgia լրատվակայքը՝ հղում անելով ՆԳՆ աշխատակցին։