Դաղստանում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել

Այսօր՝ փետրվարի 25-ին, Դաղստանի Կիզիլյուրտի շրջանի մի քանի գյուղերում հայտարարվել է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ, որի ընթացքում ուժային կառույցի աշխատակիցները կարողացել են բռնել դեռևս անհայտ թվով զինյալների։ Այս մասին հաղորդում է դաղստանյան «ՌԻԱ Դաղստան» լրատվակայքը։

Ոստիկանները շրջափակման մեջ են առել զինյալներին ու հորդորել են հանձնվել, սակայն վերջիններս սկսել են կրակել ուժայինների ուղղությամբ։

Գործողության արդյունքում ոստիկանները պաշտոնապես չհաստատված տվյալներով բռնվել են 5 զինյալ, որոնք կապ են ունեցել իրավապահ մարմինների վրա զինված հարձակումներում:

ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հարձակման մասին է խոսքը, սակայն նշենք, որ երեկ՝ փետրվարի 24-ին, Դաղստանի մեկ այլ շրջանում՝ Խասավյուրտում (Կիզիլյուրտի հետ սահմանակից են) զինված ուղևորները կրակել էին ոստիկանների ուղղությամբ, 2 զինյալ և 1 ոստիկան սպանվել էին, մեկն էլ կարողացել էր թաքնվել։

Ավելացնենք, որ 2015 թվականին Դաղստանում արդեն մի քանի անգամ հարձակումներ են եղել ոստիկանության աշխատակիցների վրա։ Մասնավորապես՝ հունվարի 7-ին դարձյալ Խասավյուրտում անծանոթները կրակել էին ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով 2 ոստիկան սպանվել էր, ևս 2-ը վիրավորվել էին։ Սպանվել էր նաև հարձակվողներից մեկը։

Նույն Խասավյուրտում հունվարի 15-ին գրանցվել էր մեկ այլ միջադեպ, որի ժամանակ սպանվել է զինված տղամարդ։ Եվս մեկ միջադեպ եղել է հունվարի 27-ին, ոստիկանները ոչնչացրել են երկու զինյալի։

Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև նմանատիպ զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։