«Կալաշնիկով» կոնցերնը նախատեսում է զբաղվել նաև ԱԹՍ-ների և մոտորանավակների արտադրությամբ

Ռուսաստանյան «Կալաշնիկով» ռազմարդյունբերական կոնցերնը գնելու է անօդաչու թռչող սարքեր արտադրող ռուսաստանյան «Զալա աերո» (Zala Aero) և մոտորանավակներ արտադրող «Եվրոյախթինգ Ռիբինսկայա վերֆ» ընկերությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները (51 տոկոս)։ Այս մասին, ըստ «Կալաշնիկով» կոնցերնի կայքի, հայտնել է կոնցերնի գլխավոր տնօրենը:

Zala Aero ընկերության արտադրած ԱԹՍ

Zala Aero ընկերության արտադրած ԱԹՍ

Աբու-Դաբիում 2015-ի փետրվարի 22-26-ն անցկացվող IDEX-2015 ռազմական ցուցահանդեսի ժամանակ կոնցերնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Կրիվորուչկոն հայտարարել է, որ «Կալաշնիկով» կոնցերնը նախատեսում է «Զալա աերո» ընկերության հետ նախագծել և արտադրել ԱԹՍ-ներ, ղեկավարման կայաններ։

«Կալաշնիկովի» ղեկավարն ավելացրել է, որ ԱԹՍ-ներն օգտագործվելու են սահմանների պաշտպանության, հետախուզման, փրկարարական և հատուկ գործողությունների համար: Նախատեսվում է նաև արտադրել վտանգավոր օբյեկտների ուսումնասիրության և արտակարգ իրավիճակներում գործելու, ինչպես նաև երկրաչափական, քարտեզագրական աշխատանքների և խիստ կլիմայական պայմաններում հետազոտություն կատարելու համար նախատեսված ԱԹՍ-ներ։

Նա նշել է, որ «Զալան» կմիանա «Կալաշնիկովի» ապրանքանիշերի ցուցակին՝ ավելացնելով, որ «Զալայի» վերասկիչ փաթեթի ձեռքբերման որոշումը կայացվել է «Կալաշնիկովի»՝ մինչև 2020 թվականը նախատեսված ռազմավարական զարգացման քաղաքականության շրջանակներում։

Բացի այս ԱԹՍ-ների արտադրության կազմակերպումը, «Կալաշնիկով» կոնցերնը զբաղվելու է նաև ռազմական և քաղաքացիական նշանակության՝ ներառյալ դեսանտային, որոնողա-փրկարարական և քաղաքացիական մոտորանավակներ։ Այդ նպատակով կոնցերնը նախատեսում է ձեռք բերել «Եվրոյախթինգ Ռիբինսկայա վերֆ» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 51 տոկոս, ինչը ևս իրականացվում է մինչև 2020 թվականը նախատեսված ռազմավարական զարգացման ծրագրով։

Կոնցերնի տնօրենի հայտարարության համաձայն՝ մոտորանավակներն օգտագործվելու են ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարի, դեսանտ տեղափոխելու, իջեցնելու և դեսանտին կրակային օգնություն ցուցաբերելու, որոնողա-փրկարարական և ծովափնյա անվտագնության աշխատանքների կազմակերպման նպատակով։

Հավելենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում 2015-ի փետրվարի 22-26-ն անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ «Կալաշնիկով» պետական կոնցերնն իր տաղավարում ներկայացրել է «Զալա» ապրանքանիշի մի քանի տեսակի անօդաչու թռչող սարքերի եռաչափ մոդելներ։

Նշենք, որ «Կալաշնիկով» կոնցերնը ռուսաստանյան խոշորագույն ռազմական ինքնաձիգների և նշանառության զենքերի, ղեկավարվող հրետանային արկերի արտադրող է: Կոնցերնի արտադրանքները ներակայացված են ավելի քան 27 երկրներում։

One response to “«Կալաշնիկով» կոնցերնը նախատեսում է զբաղվել նաև ԱԹՍ-ների և մոտորանավակների արտադրությամբ

  1. Pingback: «Կալաշնիկովը» ստեղծել է նոր զրահապատ ռոբոտ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *