Վրաստանը պնդում է, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնն ուղղված չէ Ռուսաստանի դեմ

Փետրվարի 18-ին Ռուսաստանի և Հվ. Օսիայի արտգործնախարարները ստորագրել են ՌԴ և Հվ. Օսիայի միջև պետական սահմանի մասին համաձայնագիր, որից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համապատասխան քայլերի, եթե ՆԱՏՕ-ն քայլեր ձեռնարկի Վրաստանին կազմակերպության մեջ «ներքաշելու» գործում։

Վրաստանցի զինծառայող

Վրաստանցի զինծառայող

Փետրվարի 19-ին արձագանքելով Լավրովի այս հայտարարությանը՝ Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն հայտնել է, որ Վրաստանում նախատեսվում է կառուցել ուսումնական կենտրոն և ոչ թե ՆԱՏՕ-ի ռազմաբազա։ Ջանելիձեն նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։

«Այդ կենտրոնն ագրեսիվ նպատակների համար չէ, ես չեմ հասկանում, թե ինչու է դա այդքան նյարդայնացնում մեր հարևաններին, քանի որ այն չի ստեղծվում որևէ երրորդ երկրի շահերին հակառակ»,- հայտարարել է Ջանելիձեն։

Նույն օրը՝ կառավարության նիստից առաջ, Լավրովի խոսքերին անդրադարձել է նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ Վերջինս նշել է, որ թե´ Բրյուսելում, թե´ Մոսկվայում և թե Թբիլիսիում շատ լավ հասկանում են, որ առաջիկայում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցն օրակարգային չէ։ Աբաշիձեն հավելել է նաև, որ Վրաստանն ազատ է իր ընտրության հարցում և կարող է համագործակցել յուրաքանչյուր կազմակերպության հետ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի։

Հավելենք, որ փետրվարի 18-ին Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գնահատման խումբը, որը ստուգելու է Վրաստանին տրված փաթեթի կետերի իրականացման աշխատանքներն ու քննարկելու է այդ երկրում տեղակայվելիք համատեղ ուսումնական կենտրոնի կառուցման վայրի հարցը։

Հիշեցնենք նաև, որ 2014-ին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանին տրվեց համագործակցության նոր փաթեթ, որն ավելի է սերտացնում այդ երկրի և Դաշինքի համագործակցությունը։ Փաթեթի համաձայն՝ ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է նաև Հյուսիսատլանտյան Դաշինքի ներկայություն Վրաստանում, որն ինչպես հետագայում պարզվեց, համատեղ ուսումնական կենտրոն է, այլ ոչ ՆԱՏՕ-ի ռազմաբազա։

2 responses to “Վրաստանը պնդում է, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնն ուղղված չէ Ռուսաստանի դեմ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: ՆԱՏՕ-ն Վրաստանին իր շարքեր չի ընդունի. վրաստանյան կուսակցության առաջնորդ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *