Սաուդյան Արաբիայում քննարկվել են Սիրիայի ապստամբներին մարզելու ծրագրի մանրամասները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում փետրվարի 17-ին կայացել է անվտանգությանն ու հակաահաբեկչական պայքարին նվիրված համաժողով, որին մասնակցել են նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը և ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարթին Դեմփսին: Այս մասին հայտնում է թուրքական «Դեյլի սաբահ» լրատվական կայքը:

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը և ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ  Մարթին Դեմփսին

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը և ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարթին Դեմփսին

Օզելը և Դեմփսին մասնավորապես քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հարցն ու վերջիններիս դեմ կռվող «Սիրիայի Ազատ բանակի» (ՍԱԲ) զինյալներին մարզելու և զինելու թուրք-ամերիկյան համատեղ ծրագիրը:

Մոտ օրերս Սպիտակ տանը կայանալիք, բռնի ծայրահեղականությանը հակազդելուն նվիրված գագաթնաժողովի ժամանակ ևս սպասվում է, որ Նեջդեթ Օզելը կհանդիպի ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների: Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը հայտարարել է, որ արձանագրություններն արդեն ստորագրված են, և գործնական քայլերը կսկսվեն իրականացվել ոչ ուշ, քան մարտի սկզբներին:

Հիշեցնենք, որ սիրիացի ապստամբներին մարզելու թուրք-ամերիկյան համատեղ ծրագիրն առաջին անգամ քննարկվել է դեռևս 2014-ի նոյեմբերի 21-ին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի՝ Թուրքիա այցի ժամանակ:

Մարզումների ծրագիրը, որ նախատեսված է անցկացնել Թուրքիայում, Հորդանանում և Սաուդյան Արաբիայում,  տևելու է 3 տարի: Ըստ «Դեյլի Սաբահի»՝ մարզումներ անցկացնելու համար վերոնշյալ երկրներ են ժամանելու նաև սահմանափակ թվով ամերիկացի զինվորականներ: Թուրքիան այս ծրագրի շրջանակներում պատրաստ է հյուրընկալել 100 ամերիկացի զինվորականի և տարեկան 500-2000 սիրիացի զինյալի:

Մինչդեռ ամերիկյան NY Times պարբերականը նշում է, որ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ն ուղարկելու է 400 զինվորական, իսկ 2015-ի ընթացքում նախատեսվում է մարզել 5000 սիրիական ապստամբի։

Հատկանշական է, որ Թուրքիան հարևան Սիրիայում վերջնական խաղաղության հաստատման համար բանակցությունների մեկնարկից մինչ օրս առաջնային պայման է համարում Սիրիայում ոչ թռիչքային գոտի սահմանելն ու միաժամանակ Ասադի կառավարության դեմ պայքարելը:

One response to “Սաուդյան Արաբիայում քննարկվել են Սիրիայի ապստամբներին մարզելու ծրագրի մանրամասները

  1. Pingback: Թուրքիան և ԱՄՆ-ն ստորագրել են Սիրիայում կռվող զինյալների մարզման հուշագիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *