Վրաստանի ԶՈւ ԳՇ պետն ընդունել է այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդներին

Հունվարի 27-ին Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն ընդունել է այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդներին և Վրաստանում ՆԱՏՕ-ի հարցերով գրասենյակի ներկայացուցիչներին։ Կապանաձեն օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել է 2014թվականին իրականացված ծրագրերն ու զինված ուժերում կատարված բարեփոխումները։

Կապանաձեն Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ

Կապանաձեն Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, Կապանաձեն անդրադարձել է վրաստանցի զինծառայողների մասնակցությանն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, Վրաստանում կառուցվելիք ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացմանը, ինչպես նաև Ուելսում տրված համագործակցության փաթեթի իրականացման հարցերին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև հարևան երկրների հետ համագործակցության հարցեր։ Ներկա են եղել նաև գլխավոր շտաբի պետի տեղակալներ Վլադիմիր Չաչիբայան, Ռոման Ջոխաձեն և Գեորգի Կբիլցեցխածվիլին։

Նշենք, որ Վրաստանում կառուցվելիք ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի պատկանելության հարցը դեռևս հստակ պարզաբանված չէ։

2014 թվականի հոկտեմբերին երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ներկայացնելով Վրաստանին տրված ՆԱՏՕ-ի համագործակցության փաթեթը, նշել էր, որ այն ենթադրում է նաև համատեղ ուսումնական բազայի հիմնում։ Այս հայտարարությունից հետո Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն հոկտեմբերի 10-ին հերքել էրլրատվամիջոցների տարածված այս տեղեկությունները, թե ՆԱՏՕ-ն ուսումնական բազա է հիմնելու Վրաստանում, հայտնելով. «Քննարկվող հարցն առնչվում է Վրաստանի պաշտպանության նախարարության նոր ուսումնական բազային, և ՆԱՏՕ-ն իր աջակցությունը կունենա այդ գործում: Մեր խորհրդատու մասնագետները նույնպես կօգնեն»։

Իրականում խոսքը վերաբերում էր ոչ թե ՆԱՏՕ-ի բազա ստեղծելուն, այլ ընդամենը ՆԱՏՕ-ն ֆինանասապես և մասնագետների միջոցով աջակցելու է Վրաստանի պաշտպանության նախարարությանը ուսումնական կենտրոն ստեղծելու հարցում։

Հավելենք, որ 2015թ հունվարի 29-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբաուն այցելելու է Վրաստան։ Այցի նպատակն է ստուգել համագործակցության պլանի կատարման քայլերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վրաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Դավիդ Կերեսելիձեն, Վերշբաուն այցի ընթացքում նաև քննարկելու է «համատեղ ուսումնական կենտրոնի կառուցման վայրի հարցը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *