Թուրքիան ավարտել է տեղական նախագծման ուսումնական ինքնաթիռի փորձարկումները

Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության տարածած հայտարարությունում նշվում է, որ «Հյուրքուշ» ինքնաթիռը 2015-ի հունվարի 13-ին հաջողությամբ անցել է TAI ավիաշինական ընկերության կազմակերպած առավելագույն ծանրաբեռնման համապատասխանության ստատիկ թեստավորումը։ Այս մասին հայտնում է «Միլլիյեթ» պարբերականը։

Հյուրքուշի նախատիպ

Հյուրքուշի նախատիպ

Նշվում է, որ մինչ այդ ինքնթիռը 1,5 տարվա ընթացքում անցել էր Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության կազմակերպած մի շարք փորձարկումներ, իսկ այս փորձարկումը վերջինն էր կազմակերպիչների հավաստմամբ՝ ամենակարևորը։ «Հյուրքուշի» փորձարկումները ցույց են տվել, որ այն համապատասխանում է ընկերության նշած ծանրաբեռնմանը, ունի համապատասխան ամրություն և գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ օգտակար բեռնատարողություն։

Նշենք, որ ըստ նախագծողների, «Հյուրքուշը» նախատեսված է 35 տարվա ծառայության համար: Նրա շարժիչի հզորությունը շուրջ 1600 ձիաուժ է: Կարող է զարգացնել մինչև 574 կմ/ժ առավելագույն արագություն և թռիչքներ իրականացնել մինչև 10,6 հազար մետր բարձրության վրա:

Նշենք, որ ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է դեռևս 2013-ի օգոստոսին։ Այն տևել է 33 րոպե, իսկ ինքնաթիռը բարձրացել է 2900 մ բարձրության վրա։

Հավելենք նաև, որ Թուրքիայում նախատեսված է ստեղծել «Հյուրքուշի» 4 տեսակ՝  «Հյուրքուշ Ա»` քաղաքացիական ավիացիայի կարիքների համար, «Հյուրքուշ Բ»՝ ռազմաօդային ուժերի համար (հարմարեցված F-16 և F-35 կործանիչների օդաչուների ուսուցման համար), «Հյուրքուշ Գ»` ուսումնամարտական նշանակության և «Հյուրքուշ Դ»` առափնյա պահպանության ուժերի համար։

One response to “Թուրքիան ավարտել է տեղական նախագծման ուսումնական ինքնաթիռի փորձարկումները

  1. Pingback: Թուրքիան մտադիր է մարզումներ կազմակերպել ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *