Վրաստանի՝ արտերկրում կռվող քաղաքացիներին կարող է սպառնալ ազատազրկում

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ 2014թ դեկտեմբերի 18-ին խորհրդարան է մտցրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացիները քրեական պատասխանատվության կենթարկվեն երկրում, եթե օտար պետություններում անօրինական զինված խմբերում ներգրավվեն։
Այս մասին Իմեդի հեռուստաընկերության հաղորդումներից մեկի եթերում հունվարի 13-ին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլկիանին։

Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլկիանին

Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլկիանին

Ինչպես արդարադատության նախարարն է նշել, ավելի վաղ ինքը հանդիպել է Վրաստանի Պանկիսի շրջանի (հիմնականում չեչենաբնակ) բնակչության և ղեկավարության հետ, այնուհետև դռնփակ նիստում ասել է, որ նման օրենք է պատրաստվում։ Ըստ Թեյա Ցուլկիանիի՝ Վրաստանյան լրատվամիջոցներն այդ գաղտնի զրույցը լուսաբանել էին և մեծ աղմուկ էր բարձրացել։

Օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում Վրաստանի այն քաղաքացիները, որոնք կլքեն երկիրը այլ պետություններում զինված հակամարտությունների մասնակցելու համար, հայրենիքում կհետապնդվեն օրենքով, նրանց կսպառնա ազատազրկում: Նշենք, որ Վրաստանի Քրեական օրենսգրքի այս փոփոխությունները վերաբերում են այժմ Իրաքում, Սիրիայում, ինչպես նաև Ուկրաինայում գտնվող և զինված խմբավորումների անդամակցող Վրաստանի քաղաքացիներին։

Օրենքի նախագծի քննարկման ժամկետները չեն հստակեցվում։

Հավելենք, որ երբ 2014թ դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ Սիրիայում Վրաստանի ևս մեկ քաղաքացու սպանվելու մասին, Վրաստանի խորհրդարանի պաշտպանական համակարգի և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին դեկտեմբերի 8-ին հայտարարեց, որ խորհրդարանում անպայման օրենքի նախագիծ կմշակեն այդ խնդրի վերաբերյալ։

Տեղեկացնենք, որ Սիրիական պատերազմի ընթացքում զոհվել է Վրաստանի 10 քաղաքացի՝ 9-ը Պանկիսիի շրջանից, մեկը՝ Աջարիայից։ Վերջին զոհվածի մասին հայտնի էր դարձել 2014թվականի դեկտեմբերի 26-ին։