Շվեդիան և Ֆինլանդիան կարող են զորախմբեր ուղարկել Իրաք՝ Փեշմերգեի ջոկատներ մարզելու համար

Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմը հայտարարել է, որ Շվեդիան պատրաստվում է զորախումբ ուղարկել Իրաք։ Նա նշել է, որ զորախումբը զբաղվելու է Քրդական ինքնավարության Փեշմերգե զորաջոկատների մարզումներով։ Այս մասին հաղորդում է Radio Sweden լրատվակայքը:

Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմը

Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմը

Վալստրեմը հայտարարել է, որ իրենց զորաջոկատը չի մասնակցելու «Իսլամական պետության» գրոհայինների դեմ մղվող ռազմական գործողություններին։ Նրա առաքելությունը միայն լինելու է քրդական զորաջոկատների վերապատրաստումը և «Իսլամական պետության» դեմ պայքարին պատրաստելը:

Այս հայտարարությունից հետո քրդական Bas News լրատվակայքը, հղում անելով Եվրամիությունում Քրդական ինքնավարության ներկայացուցիչ Դելլավար Աժգեիի հայտարարությանը, նշում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պատրաստվում են քրդական Փեշմերգե զորաջոկատները մարզելու համար զորախմբեր ուղարկել Իրաք։

Ֆինական Yle հեռուստաալիքի կայքը՝ հղում անելով Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլանդի հայտարարությանը՝ նշում է, որ Ֆինլանդիան քննարկելու է Իրաք ուսուցանող զորախումբ ուղարկելու հարցը: Նա նշել է, որ իրենց որոշման ընդունմանը մեծապես կնպաստի այն փաստը, որ իրենց դաշնակից Շվեդիան արդեն որոշել է զորախումբ ուղարկել: Հագլանդն ավելացրել է, որ դրական որոշում ընդունելու դեպքում՝ Ֆինլանդիան ամենայն հավանականությամբ գարնանը Իրաք կուղարկի 20-30 հոգանոց զորախումբ:

Նշենք, որ հունվարի 11-ի՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ Էրբիլում ունեցած քննարկման ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարարը ևս հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստվում է 100 հոգանոց զորաջոկատ ուղարկել Իրաք՝ քրդական զորաջոկատներին մարզելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *