Հրապարակվել է Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցիների դատավճիռը

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակել է հուլիսին Շահումյանի շրջանով Արցախի պետական սահմանն ապօրինաբար հատած զինված ադրբեջանցիներ Դիլհամ Ասքերովի և Շահբազ գուլիևի դատավճիռը։Ինչպես հաղորդում է «Արցախպրես» լրատվական գործակալությունը, Դիլհամ Ասքերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ հանցախմբի մյուս անդամ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Ստեփանակերտում մեկնարկել է զինված ադրբեջանցիների դատավարությունը

Զինված, սահմանախախտ ադրբեջանցիների դատավարությունը Ստեփանակերտում.
Նկարը՝ Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի

Դատավճռի հրապարակումից հետո դատավորը մեղադրյալներ Գուլիևին և Ասքերովին տեղեկացրել է վճիռը մեկամսյա ժամկետում Արցախի վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավունքի մասին։ Ասքերովը՝ որպես ցմահ դատապարտյալ, հնարավորություն ունի ներման խնդրագրով դիմել Արցախի նախագահին։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 10-ին  հայտնի է դարձել, որ Քարվաճառում քաղաքացիական հագուստով զինված ադրբեջանցիներ են հայտնաբերվել, որոնցից երկուսը հաջորդած օրերին ձերբակալվել են, իսկ մեկը՝ սպանվել։ Սպանված ադրբեջանցու դին հայկական կողմը հետագայում հանձնել է Ադրբեջանին։

Հուլիսի 14-ին պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ խումբը վերջնականապես վնասազերծված է։

Ադրբեջանական խմբի գործունեության հետևանքով հայկական կողմն ունեցել է նաև կորուստներ։ Հուլիսի 11-ին գրանցված միջադեպի՝ փոխհրաձգության հետևանքով զոհվել է հայ սպա՝ 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը: Նույն միջադեպի ժամանակ վիրավորվել է նաև 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը։

Զինված ադրբեջանցիների գործունեության հետ են կապում նաև քարվաճառցի 17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան դեպքը, ում դին հուլիսի 15-ն հայտնաբերել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածքում՝ դանակահարված վիճակում։  Ցականյանը երևում է դատարանում ներկայացված տեսագրություններում, որոնք արել են ադրբեջանցիներն «այցի ժամանակ»:

Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել էր  Արցախի սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցիների դատավարությունը։ Դատական նիստը ղեկավարում էր դատավոր Անատոլի Թադևոսյանը։

Իլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը մեղադրվում էին Արցախի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես՝ 316-րդ հոդվածով` լրտեսություն, 350-րդ հոդվածի 2-րդ մասով`առանց պատշաճ թույլտվության Արցախի պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբով հատելու, քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելու, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու, ինչպես նաև 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանություն և այլ հանցանքների համար։

Բացի վերոնշյալ հոդվածներից, նրանց մեղադրանք էր առաջադրվել նաև 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի համար։

Դեկտեմբերի 3-ին սահմանախախտների գործով հերթական նիստին որպես վկա ներկա էր զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով մեկ տարի ադրբեջանական գերության մեջ էր:

Դիվերսիոն  խմբի անդամների ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում, ի թիվս այլ տեսանկարահանումների,  եղել է նաև Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննությունը ներկայացնող տեսանյութ:

Դատական նիստում որպես իրեղեն ապացույց ներկայացված էր սպանված ադբեջանցի Հասան Հասանովի մոտ հայտնաբերված տեսախցիկը: Այն արտաքին տվյալներով համապատասխանել է ադրբեջանական բանտում Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության ընթացքում օգտագործված տեսախցիկին: Ավելին, տեսնելով Հասանովի նկարը՝ Իջիղուլյանը ճանաչել է նրան և հաստատել, որ նա ներկա էր եղել իր հարցաքննություններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *