ԱՄՆ-ն վավերացրել է ռազմանավերի փոխանցման օրինագիծը. Թուրքիան դուրս է մնացել դրանից

ԱՄՆ Կոնգրեսը 2014-ի դեկտեմբերի 17-ին վերջնականապես հաստատել է 6 միավոր ֆրեգատի փոխանցումը Թայվանի և Մեքսիկայի զինված ուժերին: Դեկտեմբերի 18-ին օրենքը ստորագրել է նախագահ Բարաք Օբաման: Օրինագծից դուրս են մնացել Թաիլանդն ու Թուրքիան։ Այս մասին հայտնում է ամերիկյան Defense News լրատվակայքը։

ԱՄՆ նավատորմի USS Halyburton ֆրեգատը, որը նախատեսված էր Թուրքիային փոխանցել

ԱՄՆ նավատորմի USS Halyburton ֆրեգատը, որը նախատեսված էր Թուրքիային փոխանցել

2013-ին վերափոխված և 2014-ի դեկտեմբերին ստորագրված «ԱՄՆ ՌԾՈւ շահագործումից հանված և արտասահմանյան պետություններին փոխանցվող ռազմանավերի վերաբերյալ» օրինագծի համաձայն՝ Մեքսիկային անվճար պետք է փոխանցվեն Curts FFG-38 և McClusky FFG-41   ֆրեգատները: Նույն օրինագծով Թայվանին պետք է վաճառվի 4 միավոր ֆրեգատ (Taylor, Gary, Carr, Elrod):

Ներկայումս «Օլիվեր Հազարդ Փերրի» տիպի ռազմանավերը, որոնցից են հենց փոխանցվող նավերը, հանված են ԱՄՆ ՌԾՈւ շահագործումից կամ շուտով կհանվեն:

2012-ին ներկայացված օրինագծով Թուրքիային ևս նախատեսվում էր անվճար տրամադրել 2 միավոր ֆրեգատ (USS Halyburton և USS Thach), ինչը, սակայն, կասեցվեց՝ ելնելով Թուրքիայի քաղաքական ագրեսիվ հայտարարությունները հանդեպ ԱՄՆ Կոնգրեսի ունեցած անհանգստությունից:

Կալիֆորնիայի կոնգրեսմեն Բրեդ Շերմանը Կոնգրեսին հիշեցրել էր, թե ինչպես էր Էրդողանը սպառնացել թուրքական զինված ռազմանավերով Համասի նավատորմին ուղեկցել դեպի Գազայի հատված՝ Իսրայելի դեմ պայքարելու համար:

Շերմանը նաև նշել էր, որ Թուրքիան ակտիվորեն սպառնում էր նաև Կիպրոսի և Իսրայելի՝ էներգետիկայի ոլորտում կատարվող համատեղ ուսումնասիրություններին: Անկարան ավելացրել էր իր ռազմանավերի թիվը Իսրայելի և Կիպրոսի ջրային տարածքներում գտնվող բնական գազի պաշարներով հարուստ շրջանում և հայտարարել, որ անօրինական է ճանաչում հանքերի ուսումնասիրման և հետագա օգտագործման շրջանակներում կքնված իսրայելա-կիպրոսյան համաձայնությունները, որոնցով նախատեսվում էր հանքերի՝ այդ պետությունների կողմից համատեղ օգտագործում։

Նա նաև հիշեցրել էր այն հանգամանքը, որ 1974-ին Թուրքիան օգտագործեց ամեիկյան նավերով համալրված նավատորմը՝ Կիպրոսի մի մասն անեքսիայի ենթարկելու համար։

Օրինագծին դեմ արտահայտվող մյուս կոնգրեսմեն Էլիոթ Էնգելն իր ելույթում նշել էր, որ որոշ մարդիկ կողմ են օրինագծին միայն այն բանի համար, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, սակայն ներկա իրադարձությունները ամենևին էլ չեն խոսում դաշնակցական հարաբերությունների մասին։

Կոգրեսմեններին հաջողվեց մի քանի ամիս շարունակ ձգել քննարկումները, ինչի արդյունքում այն Ներկայացուցիչների պալատն այն ընդունեց միայն  2012-ի վերջին օրը ու չհասցրեց ներկայացնել Սենատի հաստատմանը։ Իսկ Հաջոդրչ տարի արդեն Սենատը փոխվեց:

Օրինագծի պաշտպանությամբ հանդես էին գալիս ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հանձնաժողովի անդամ Իլինա Ռոս-Լեհտինենը և Հովարդ Բերմանը։ Մասնավորապես Լեհտինենն իր ելությում նշում է, որ ռազմանավերն անհրաժեշտ է տրամադրել Թուրքիային, քանի որ վերջինս օգնում է ծովահենների դեմ ԱՄՆ-ի պայքարին։

Նա նաև նշել էր, որ յուրաքանչյուր ռազմանավի վերանորոգման համար կպահանջվի մոտ 40-80 մլն ամերիկյան դոլար, ու այդ դեպքում դրանք պիտի ուղարկվեն պահեստ, որտեղ էլ ռազմանավերի սպասարկման տարեկան ծախսը կլինի 30 մլն դոլար։ Իսկ այլ պետությունների փոխանցելու դեպքում Նահանգները ստիպված չի լինի հոգալ այդ ծախսերը, որովհետև այդ պարտավորությունները ստանձնելու են ընդունող երկրները։ Դա նաև լրացուցիչ աշխատատեղեր կապահովի ամերիկյան մասնագետների համար, քանի որ հենց նրանք պիտի զբաղվեն նորոգման աշխատանքներով։ Իսկ ապամոնտաժման դեպքում  ԱՄՆ-ը կծախսի հսկայական միջոցներ, որոնք զգալի վնաս կտան տնտեսությանը։

Թայվանին ռազմանավեր վաճառելու հարցում քննադատական հայտարարություններ էր տարածել Չինաստանը, քանի որ այն լարված հարաբերություններ ունի Թայվանի հետ:

Ավելացնենք, որ այս տիպի ֆրեգատները նախատեսված են նավատորմի հակաօդային պաշտպանության համար: Միացյալ Նահանգներն այս նավերից նախկինում Թուրքիան տրամադրել է 8 միավոր, ինչից հետո դրանք արդիականացվել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *