Թուրքիան ստացել է իր երկրորդ A400M բեռնատար ինքնաթիռը

Դեկտեմբերի 22-ին Թուրքիան ստացել է եվրոպական Airbus Military ընկերության արտադրած երկրորդ A400M բեռնատար ինքնաթիռը, ինչը նախատեսված էր A400M բեռնատար ինքնաթիռների գնման ծրագրով: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի ռազմարդյունաբերության քարտուղարությանը:

A400M. Թուրքիայի ԶՈւ

A400M. Թուրքիայի ԶՈւ

Համաձայն բեռնատար ինքնաթիռների գնման ծրագրի՝ Թուրքիան պետք է ստանա ևս 8 միավոր A400M: Սպասվում է, որ դրանք կփոխանցվեն առաջիկա 4 տարիների ընթացքում։ Ընդհանուր 10 ինքնաթիռի համար Թուրքիան վճարելու է 1,5 մլրդ ամերիկյան դոլար։

Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտոնապես ներկայացրել է իր առաջին A400M բեռնատար ինքնաթիռը մայիսի 12-ին Կեսարիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, որին  ներկա են եղել Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, այլ բարձրաստիճան զինվորականներ։

Նշենք, որ ինքնաթիռի փորձարկումներից հետո Թուրքիան երկար ժամանակ հրաժարվում էր ընդունել այն, սակայն ո´չ թուրքական կողմը, ո´չ էլ արտադրողը չէին հրապարակում պատճառը։

Այս տարվա փետրվարին Airbus Group-ի գործադիր տնօրեն Թոմաս Էնդերսը հայտարարել էր, թե Թուրքիային տրամադրվել է նույն ինքնաթիռից, ինչ և Ֆրանսիայի զինված ուժերին, որն անմիջապես սկսել են շահագործել այն։ Էնդերսի խոսքերով՝ Թուրքիայի՝ ինքնաթիռն ընդունելու հետ կապված խնդիրներ առաջացնելն անընդունելի է։

Ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության արդեն նախկին ղեկավար Մուրադ Բայարը, ով պահանջել է Airbus Group-ից կատարել կնքված պայմանագրի բոլոր կետերը, ինչպես նաև հավելել, որ իրենք պատրաստվում են տուգանել ընկերությանն առաջին ինքնաթիռի ուշացման համար։

Կողմերը չեն մանրամասնել նաև, թե ինչն է խանգարել հանձնել A400M-ն՝ ըստ ժամանակացույցի։

Ավելացնենք, որ A400M բեռնատար ինքնաթիռների ստեղծման գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, ինչպես նաև կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։ Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 9300կմ հեռավորության վրա։  Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր գինն է մոտ 186 մլն դոլլար։

3 responses to “Թուրքիան ստացել է իր երկրորդ A400M բեռնատար ինքնաթիռը

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ A400M բեռնատար ինքնաթիռը T129 Atak հարվածային ուղղաթիռներ է տեղափոխել | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան դադարեցրել է A400M բեռնատար ինքաթիռների թռիչքները | Ռազմ.info

  3. Pingback: Հետաձգվել է Թուրքիային 2 միավոր A400M ինքնաթիռների տրամադրումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *