Թուրքիան պաշտպանել է Պաղեստինի անկախության բանաձևն ու քննադատել Իսրայելին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստինի դեսպան Նեբիլ Մարուֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ամենասեղմ ժամկետներում պետք է ստեղծվի Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստինի անկախ պետություն՝ մինչև 1967 թվականը գոյություն ունեցած սահմաններով:Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը՝ հղում կատարելով Թուրքիայի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:

Իսրայելի ու Պաղեստինի սահմանների փոփոխությունները 1946 թվականից մինչև 2000-ական թվականները

Իսրայելի ու Պաղեստինի սահմանների փոփոխությունները 1946 թվականից մինչև 2000-ական թվականները

Ելույթ ունենալով Նեբիլ Մարուֆի իննամյա դեսպանության ժամկետի ավարտի առթիվ կազմակերպված հրաժեշտի տոնակատարության ժամանակ՝ Չավուշօղլուն նշել է, որ Պաղեստինի անկախության պայքարին օգնություն ցուցաբերելը Թուրքիայի պարտքն է, և որ Թուրքիայի ու Պաղեստինի ժողովուրդների միջև եղած բարեկամությունը կասկածի ենթակա չէ:

Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան միշտ եղել է Պաղեստինի ժողովրդի կողքին և շարունակելու է անհրաժեշտ օգնություն տրամադրել նրան: Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսրայելը Երուսաղեմում և Պաղեստինից զավթած մյուս տարածքներում շարունակում է դատապարտելի գործողություններ իրականացնել:

Նա հավելել է, որ 2014-ի հուլիս-օգոստոս ամիսների Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած հարձակումների ողբերգական հետևանքները դեռևս չեն ջնջվել: Հարձակում գործելով Երուսաղեմի և ողջ իսլամական աշխարհի սրբավայր Հարեմ-ի Շերիֆ մզկիթի վրա, և մի շարք դատապարտելի քայլեր իրականացնելով, Իսրայելը տարածաշրջանում քաոս է ստեղծել: 1948-ին անկախություն ձեռք բերելուց հետո՝ իսրայելական իշխանությունները  տարիներ շարունակ խախտել են պաղեստինցիների հիմնարար իրավունքները: Այդ պատմական անարդարությունը վերացնելու հարցում մենք շարունակելու ենք աջակցել Պաղեստինին և նրա ժողովրդին:

Նշենք, որ դեկտեմբերի 17-ին Հորդանանի պատվիրակությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ բանաձև, որով հստակ նշվում են Պաղեստինի և Իսրայելի պետական սահմանները, պետության ստեղծման ժամկետները: Բանաձևում նշվում է, որ առաջիկա 1 տարվա ընթացքում պետք է Իսրայելի հետ խաղաղ բանակցություններն ավարտվեն, իսկ մինչև 2017-ի վերջը Իսրայելական զորքերը պետք է վերջնականապես դուրս բերվեն զբաղեցրած տարածքներից:

Համաձայն բանաձևի՝ Պաղեստին պետությունը պետք է ստեղծվի մինչև 1967 թվականը գոյություն ունեցած սահմաններով: Այս հարցում Պաղեստինին իր աջակցությունն է հայտնել Արաբական երկրների լիգան: Բանաձևը նախատեսում է երկու ինքնիշխան, ժողովրդավարական պետությունների ստեղծում՝ Իսրայել և «կենսունակ ու ինքնիշխան» Պաղեստին: Նախատեսվում է նաև երրորդ կողմի կողմից Պաղեստինի անվտանգության երաշխավորում: Արևելյան Երուսաղեմը կլինի Պաղեստինի մայրաքաղաք, իսկ Արևմտյանը՝ Իսրայելի:

Սակայն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դեռևս չի հայտարարել բանաձևի քննարկման հստակ ամսաթիվը, և առհասարակ պարզ չէ՝ քննարկվելու է այն, թե՝ ոչ:

Դեկտեմբերի 15-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իր երկիրը մերժում է Պաղեստինի՝ առաջ քաշած բանաձի միջոցով իսրայելական իշխանություններին վերջնագիր ներկայացնելու ցանկացած փորձ:

Հիշեցնենք, որ մինչ այժմ Պաղեստինի անկախությունը ճանաչել է 135 երկիր: 2012-ին ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեան Պաղեստինին շնորհել է  դիտորդ պետության կարգավիճակ և ճանաչել 1967-ին Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում՝ Հորդանան գետի արևմտյան ափին, Գազայի հատվածում և Արևելյան Երուսաղեմում, պաղեստինցիների ազատ ինքնորոշման իրավունքը:

Իսրայելի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը միանշանակ չի կարելի գնահատել: Իսրայելական պետության հիմնադրումից ի վեր Անկարան սերտ դաշնակցական հարաբերությունների մեջ է եղել վերջինիս հետ` առաջիններից մեկը ճանաչելով Իսրայելի անկախությունը: Կնքվել են բազմաթիվ երկկողմ ռազմական և տնտեսական համագործակցության պայմանագրեր:

Սակայն, Էրդողանի ղեկավարած ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) իշխանություն գալուց հետո թուրք-իսրայելական հարաբերություններում բազմաթիվ անհամաձայնություններ են ի հայտ եկել: ԱԶԿ-ի իշխանության սկզբնական տարիներին՝ 2002-2008 թթ, թուրք-իսրայելական հարաբերությունները դեռևս պահպանում էին նախկին ջերմությունը, սակայն, Իսրայելի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համասի» առաջնորդ Խալեդ Մեշալի՝ 2008 թվականի Թուրքիա այցի հետևանքով որոշակի լարում սկսվեց երկրների հարաբերություններում: Ակնհայտ էր դառնում, որ Էրդողանը հակաիսրայելական դիրքորոշում է որդեգրում:

Թուրքիան սկսեց քննադատել Իսրայելին՝ 2008-ի դեկտեմբերից 2009-ի հունվար ամիսներին Գազայի հատվածի վրա հարձակման համար: Երկկողմ հարաբերությունները  հատկապես սրվեցին 2009-ի հունվարի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, երբ «Գազայի հատված. Ինչպես խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում» խորագրով բանավեճի ժամանակ  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատական հայտարարություններ հնչեցրեց համազեկուցող, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հասցեին: Նա իր խոսքում մասնավորապես նշեց. «Դուք լավ գիտեք, թե ինչպես պետք է սպանել մարդկանց»:

Էրդողանի ելույթը մինշանակ չընդուվեց Թուրքիայում: Բազմաթիվ քաղաքական գործիչներ, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն քննադատեցին նրա գործողությունները՝ նշելով, որ Իսրայելը Թուրքիայի համար կարևոր ռազմավարական գործընկեր է, և պետք չէ հարաբերությունները փչացնել:

Ակնհայտ էր դառնում, որ Էրդողանի հակաիսրայելական քաղաքականությունը մեծապես կախված է նաև նրա իսլամիստական դիրքորոշման հետ: Գալով իշխանության՝ նա փորձում էր լավ հարաբերություններ հաստատել իսլամական՝ հատկապես արաբական պետությունների հետ և մեծացնել իր ազդեցությունը իսլամական աշխարհում:

Թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածությունը նոր մակարդակի հասավ 2010-ի մայիսին, երբ թուրքական 6 նավ հումանիտար օգնություն էր պատրաստվում հասցնել շրջափակման մեջ գտնվող Գազայի բնակիչներին: Այդ նավերից մեկը՝ «Մավի Մարմարան», հարձակման ենթարկվեց իսրայելական հատուկ ջոկատայինների կողմից, ինչի արդյունքում զոհվեց Թուրքիայի 8, և ԱՄՆ-ի՝ 1 քաղաքացի: Իսրայելական իշխանությունները պնդում էին, որ նավի անձնակազմը զենք էր տեղափոխել և հրաժարվել է ստուգման ներկայացնել բեռը:

Այս իրադարձություններից հետո որոշակի ժամանակահատված թուրք-իսրայելական հարաբերությունները փակուղի մտան: Թուրքիան բազմաթիվ միջազգային հարթակներից քննադատական ելույթներ հնչեցրեց Իսրայելի հասցեին:

Թուրքական իշխանությունները սկսեցին բացահայտ օգնություն տրամադրել նաև Համասին: Իսկ 2014-ի նոյեմբերի վերջին Իսրայելական իշխանություններն անգամ տեղեկություն տարածեցին, որ Թուրքիան Համասին օգնում է Իսրայելում ահաբեկչություն իրականացնել, և Թուրքիայում գործում է Համասի ռազմական շտաբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *