Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է «Տեղեկատվական և ֆիզիկական անվտանգության» ուղեցույցեր

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է տեղեկատվական անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնց շրջանակներում հրատարակել են «Տեղեկատվական անվտանգություն» և «Ֆիզիկական անվտանգություն» թեմաներով ուղեցույցեր՝ նախատեսված ԶՈւ զինծառայողների համար։ Այս մասին 2014-ի դեկտեմբերի 6-ին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ԶՈւ տեղեկատվական անվտանգության ուղեցույց

Ադրբեջանի ԶՈւ տեղեկատվական անվտանգության ուղեցույցի շապիկը

Նշվում է, որ ուղեցույցերի հրապարակումը միտված է ԶՈւ գործունեությանը վերաբերող և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության արտահոսքի կանխմանը։ Դրանցում մասնավորապես նշված են համացանցին միացած համակարգիչներից և կապի այլ միջոցներից օգտվելիս անձնական տվյլաների գաղտնիության պահպանման կանոնները, որոնց չհետևելը հաճախ դառնում է տեղեկատվության արտահոսքի պատճառ։

Նկատենք, սակայն, որ ուղեցույցերի բուն բովանդակությունը դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ տեղեկատվական անգտագնության բացթողումներն Ադրբեջանում ի հայտ եկան 2014-ի օգոստոսին, երբ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում գրանցված սուր լարվածության ժամանակ տարբեր լրատվամիջոցներ և անհատներ համացանցում տեղադրեցին տեղեկություններ ադրբեջանական զինուժի կրած կորուստների, ինչպես նաև զորքերի տեղաշարժի վերաբերյալ։

2014-ի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց հրամանագիր, որով հանձնարարեց սկսել աշխատանքներ՝ տեղեկատվական անվտանգության բացերը լրացնելու ուղղությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն խստացրեց պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության վերահսկումը։ Որպես դրա օրինակ նշենք, որ պաշտոնական լրահոսում, ինչպես նաև լրատվական կայքերում կտրուկ նվազել են տեղեկությունները բանակում գրանցված միջադեպերի և կորուստների վերաբերյալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *