Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 30 – դեկտեմբերի 6

Մահացել է ՊԲ զինծառայող • Տավուշի մարզում վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող • Ինջիղուլյանը՝ Արցախի սահմանախախտների գործով վկա • Քաղաքացիների ընդունելություն ՊՆ-ում • Վրաստանի ՆԳ նախարարը Հայաստանում • ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտունիում

Հակոբ Ինջիղուլյանն ադրբեջանցի սահմանախախտների դատավարությանը ներկա էր որպես վկա

Հակոբ Ինջիղուլյանն ադրբեջանցի սահմանախախտների դատավարությանը ներկա էր որպես վկա

• Դեկտեմբերի 4-ին ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

• Դեկտեմբերի 3-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում ծնկի վերևի հատվածում վիրավորվել է պայմանագրային զինծառայող, Նոյեմբերյան քաղաքի 20-ամյա բնակիչ Կարեն Գագիկի Անանյանը: Զինծառայողն ներկայում Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է:

• Դեկտեմբերի 3-ին Ստեփանակերտի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Քարվաճառ մտած ադրբեջանցի սահմանախախտների գործով հերթական նիստին որպես վկա ներկա էր զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Ծանոթանալով սահմանախախտների մոտ հայտնաբերված տեսախցիկին՝ Ինջիղուլյանը հաստատել է, որ այն արտաքին տվյալներով համապատասխանում է ադրբեջանական բանտում իր հարցաքննության ընթացքում օգտագործված տեսախցիկին:

Ավելին, տեսնելով սահմանախախտներից մեկի՝ սպանված Հասան Հասանովի նկարը՝ Իջիղուլյանը ճանաչել է նրան և հաստատել, որ նա ներկա է եղել իր հարցաքննություններին:

• Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 15 քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցել են զինծառայողների ընտանիքների անդամներ, ազատամարտիկներ և նրանց հարազատներ: Ծանոթանալով նրանց հուզող հարցերին ու խնդիրներին` Սեյրան Օհանյանը պատասխանատու անձանց հանձնարարել է քննարկել և լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:

Սեյրան Օհանյանն ու հյուրերը քաղաքացիների ընդունելության ժամանակ

Սեյրան Օհանյանն ու հյուրերը քաղաքացիների ընդունելության ժամանակ

• Դեկտեմբերի 1-ից 2-ը պաշտոնական այցով Երևանում է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորած պատվիրակությունը, որը ՀՀ ԱԱԾ ղեկավար կազմի հետ քննարկել է Վրաստանի սահմանային ոստիկանության և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի գործընկերության շրջանակների ընդլայնման, մաքսանենգության դեմ պայքարի, ինչպես նաև անօրինական միգրացիային առնչվող և այլ խնդիրներ։

Նույն օրը Չիկաիձեին ընդունել է նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, իսկ դեկտեմբերի 2-ին Վրաստանի ՆԳ նախարարին ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

• Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ռազմաշաբաթը նաև Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *