Թուրքիայի ռազմական բյուջեն աճել է մոտ 1 մլրդ դոլարով

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հաստատել է 2015-ի բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտին հատկացվելու է 29,76 մլրդ թուրքական լիրա (13 մլրդ ԱՄՆ դոլար), որը շուրջ 2,5 մլրդով (1,1 մլդր դոլար) ավելի է 2014 թվականի հատկացումից:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Բյուջեի քննարկման հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, մասնավորապես, հատկացվելու է 22,7 մլրդ թուրքական լիրա (մոտ 10 մլրդ ամերիկյան դոլար), որի 57 տոկոսը տրամադրվելու է անձնակազմի ծախսերին, 41 տոկոսը՝ ծառայությունների և գույքի գնման ծախսերին:

Շուրջ 9,3 մլրդ թուրքական լիրա նախատեսվում է ծախսել զինված ուժերի անձնակազմի սնունդի, հանդերձանքի, վառելիքի, տեխնիկայի վերանորոգման, ինչպես նաև թուրքական բանակի արդիականացման աշխատանքների համար, ինչը նախատեսված է 2015-ի ռազմավարական ծրագրով:

Թուրքիայի կառավարությանը կից ռազմարդյունաբերական գլխավոր վարչությանը (ՊԱԳՎ)  հատկացվելու է 50 մլն թուրքական լիրա: Նշենք, որ ՊԱԳՎ-ն մշակում է ռազմական արդյունաբերության համար նախատեսված ծրագրերն ու տրամադրում ընկերություններին՝ ռազմական գույքի արտադրության համար:

Ժանդարմերիային հատկացվող գումարը՝ 6,5 մլրդ թուրքական լիրա (մոտ 3 մլրդ դոլար),  ինչը մոտ 5 տոկոսով ավելի է 2014-ի հատկացումից: Առափնյա անվտանգության ուժերին հատկացվելու է 507 մլն թուրքական լիրա (229 մլն դոլար), որը 12 տոկոսով է ավելի այս տարվա հատկացումից:

Նշենք, որ համաձայն թուրքական սահմանադրության՝ ժանդարմերիան և առափնյա անվտանգության ուժերը խաղաղ ժամանակ ենթարկվում են ներքին գործերի նախարարությանը, իսկ պատերազմական իրադրության դեպքում՝ ԶՈւ գլխավոր շտաբին:

Բացի այդ, թուրքական ռազմարդյունաբերության աջակցման համար այս տարի ևս հիմնադրամ է ձևավորվելու, որտեղ նախատեսում է հավաքել 1 մլրդ ամերիկյան դոլար։ Հիմնադրամի եկամուտների մի մասը ձևավորվելու է ազարտային խաղերի, ալկոհոլի և ծխախոտի անուղղակի հարկերի միջոցով, տեղեկացնում է Defense News ռազմական լրատվակայքը։

Բյուջեի քննարկման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը ներկայացրել է երկրի զինված ուժերի տարվա ընթացքում կատարած աշխատանքները և առաջիկա տարիների ծրագրերը:

Անդրադառնալով թուրքական արտադրության Ալթայ տանկին՝ նա նշել է, որ 2017-ին  նախատեսվում է սկսել տանկերի սերիական արտադրությունը:

«Առափնյա անվտանգության որոնողափրկարարական նավ» ծրագրի շրջանակներում Դոսթ, Ումութ, Գյուվեն և Յաշամ նավերը  2014-ին հանձնվել են Թուրքիայի զինված ուժերի առափնյա անվտանգության հրամանատարությանը:

MILGEM (milli gemi, «ազգային նավ»)  թուրքական ռազմանավերի կառուցման ծրագրի շրջանակներում երկու կորվետ արդեն պատրաստ է, իսկ երրորդի՝ Բուրգազադա կորվետի կառուցումը շարունակվում է: Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 5 կորվետ:

Ծովային պարեկության և առափնյա անվտանգության ինքնաթիռների «Մելթեմ-2» ծրագրով նախատեսված ծովային պարեկության 6 միավոր ինքնաթիռ փորձարկման փուլում է, 8 միավոր էլ արդեն հանձնվել է:

2015-ին ռազմաօդային ուժերին նախատեսված է հանձնել «Բայրաքթար-Բ2» և «Քարայել» անօդաչու թռչով սարքերը: Նախատեսվում է նաև մինչև 2020-ը Թուրքիայի ռազմաօդային ուժերը համալրել 100 միավոր  F-35 ռազմական կործանիչ ինքնաթիռներով: Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն պատվիրել է երկու միավոր F-35 այս տարի:

Իսմեթ Յըլմազը նաև նշել է, որ Թուրքիայի պայմաններին հարմար ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների կառուցման աշխատանքները սկսվել են:

Նշենք, որ վերջին տաս տարվա ընթացքում Թուրքիայի ռազմական բյուջեն կտրուկ աճում է: 2004-ի համեմատ այն ավելացել է մոտ 16 մլրդ թուրքական լիրայով (7 մլրդ ամերիկյան դոլար):

2 responses to “Թուրքիայի ռազմական բյուջեն աճել է մոտ 1 մլրդ դոլարով

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալները 2010-2014-ի սննդի և վառելիքի ծախսերի վերաբերյալ | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի պաշտպանական բյուջեն զգալիորեն ավելացել է (աղյուսակ) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *