Անհամաձայնություններ թուրք-ամերիկյան հարաբերություններում. Անկարայում էր փոխնախագահ Բայդենը

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը 2014-ի նոյեմբերի 21-ին այցելել է Թուրքիա, որտեղ քննարկվել է «Իսլամական Պետություն» խմբավորման դեմ պայքարում Թուրքիայի մասնակցության ընդլայնման հարցը։ Անկարան, սակայն,  հրաժարվել է «Ինջիրլիքի» ռազմաբազան տրամադրել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիային։ Այս մասին հայտնում է ամերիկյան Washington Post պարբերականը։

ԱՄՆ-ի փոխնախագահ ՋՈ Բայդենը և Թուրքիայի նախագահ Էրդողանը

ԱՄՆ-ի փոխնախագահ ՋՈ Բայդենը և Թուրքիայի նախագահ Էրդողանը

Նոյեմբերի 21-23-ին Ջո Բայդենի ժամանումը Անկարա ԱՄՆ առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն էր Թուրքիա՝ նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրվելուց հետո։ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի հետ աշխատանքային քննարկումից հետո Բայդենը հանդիպել է նաև Էրդողանին, ում հետ քննարկել է ոչ միայն «Իսլամական Պետություն» խմբավորման դեմ պայքարին Թուրքիայի մասնակցության ընդլայնման հարցը, այլև Սիրիայի վարչակարգի փոփոխման վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը։

Թուրքիան ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային միանալու որոշման մասին հայտնել էր այս տարվա հոկտեմբերի սկզբին, սակայն հստակ քայլեր այդ ուղղությամբ մինչ օրս չեն արվում։ Ավելին, Էրդողանը հրաժարվել է ռազմաբազան տրամադրել կոալիցիոն ուժերին՝ փոխարենը փորձելով առաջ տանել սեփական շահերը։ Անկարան պնդում է, որ անհրաժեշտ է նախևառաջ ապահովել Թուրքիայի անվտանգությունը՝ Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում սահմանելով ոչ թռիչքային գոտի։

Նկատենք, որ թեև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն 2003-ին ևս Իրաքի դեմ պատերազմում հրաժարվել էր տրամադրել իր ռազմաբազաները դաշնակից երկրների ուժերին։

Թուրքիայի համար տհաճ հարցեր է բարձրացրել նաև ամերիկյան կողմը՝ հայտնելով, որ դեմ է «Սիրիայի ազատ բանակ»-ի մարտիկների՝ Թուրքիայի տարածքում ռազմական վերապատրաստում անցկացնելու ծրագրին՝ ավելի հարմար տարբերակ համարելով Իրաքը։ Համաձայնություն ձեռք չի բերվել նաև թուրք-սիրիական սահմանին բուֆերային գոտի ստեղծելու Անկարայի առաջարկի հարցում։ Իսկ Ասադի վարչակարգի փոփոխման անհրաժեշտության մասին Էրդողանի հայտարարությանն ի պատասխան Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ի համար ներկա պահին առաջնայինը ԻՊ-ի դեմ պայքարն է։

Չնայած այս անհամաձայնություններին՝ Բայդենը հայտարարել  է, որ Էրդողանի հետ զրույցը կառուցողական է եղել։ Որպես ձեռք բերված համաձայնության օրինակ, ամերիկացի պաշտոնյան նշել է՝ սիրիական հումանիտար կարիքների համար կհատկացվի շուրջ 135մլն ամերիկյան դոլար, որի զգալի մասը կտրամադրվի Թուրքիային՝ իր տարածքում ապաստանած սիրիացի փախստականների կացության պայմանները բարելավելու համար։

Հավելենք, որ ԱՄՆ փոխնախագահի՝ Թուրքիա կատարած այցի կապակցությամբ թուրքական մամուլում կրկին սկսվեց շրջանառվել Բայդենի ներողություն խնդրելու հարցը։ Խոսքը վերաբերում է նրա՝ հոկտեմբերի սկզբի հայտարարությանն այն մասին, որ Ասադի դեմ պայքարում օգնելով սիրիական ապստամբներին՝ Թուրքիան օժանդակել է նաև ԻՊ-ի զինյալներին։ Որոշ ժամանակ անց Էրդողանն հայտարարեց, թե Բայդենը ներողություն է խնդրել այդ հայտարարության համար, սակայն ԱՄՆ փոխնախագահն ավելի ուշ հերքեց դա։

4 responses to “Անհամաձայնություններ թուրք-ամերիկյան հարաբերություններում. Անկարայում էր փոխնախագահ Բայդենը

  1. Pingback: Ասադի դեմ պայքարող ուժերը հիմնել են «Սիրիայի հեղափոխական հրամանատարության խորհուրդ»։ | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան ու ԱՄՆ-ն կարող են Սիրիայի ապստամբներին մարզելու համատեղ ծրագիր սկսել մարտին | Ռազմ.info

  3. Pingback: Սաուդյան Արաբիայում քննարկվել են Սիրիայի ապստամբներին մարզելու ծրագրի մանրամասները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *