Աբխազիան և Ռուսաստանը ստորագրել են համագործակցության և ռազմավարական գործընկերության համաձայնագիրը

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սոչի է մեկնել Աբխազիայի նախագահ Ռաուլ Խոջիմբան։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է ռուս-աբխազական համագործակցության և ռազմավարական գործընկերության պայմանագիրը՝ 10 տարի ժամկետով և երկարաձգման հնարավորությամբ։

Աբխազիայի և Ռուսաստանի նախագահները

Աբխազիայի և Ռուսաստանի նախագահները. նկարը՝ ТАСС լրատվական գործակալության

Ընդհանուր առմամբ, համաձայնագրով նախատեսվում է, որ Ռուսաստանը հնարավորինս ամրապնդելու է Աբխազիայի միջազգային կապերը՝ աջակցելով նրա միջազգայնորեն ճանաչմանը։ Համաձայնագրում նշվում է նաև, որ եթե կողմերից մեկի նկատմամբ ագրեսսիայի (ռազմական հարձակում) դրսևորում լինի, ապա դա կդիտվի «ագրեսսիա (ռազմական հարձակում) համաձայնագրի մյուս կողմի երկրի նկատմամբ»։

Նախատեսվում է նաև ՌԴ և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորքերի ստեղծում, որը կազմավորվելու է ոչ ուշ, քան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի ժամկետում։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում Ռուսաստանի միջոցներով աբխազական բանակն «արդիականացվելու է», այդ թվում նաև՝ բերվելու է ռուսաստանյան բանակի չափանիշներին։ Իրականացվելու է նաև Աբխազիայի ԶՈւ անձնակազմի վերապատրաստում, ինչպես նաև ռազմական նոր տեխնիկայով համալրում։

Համաձայնագրում որոշ կետեր վերաբերում են նաև վրաց-աբխազական սահմանի պաշտպանությանը, որի ինժեներատեխնիկական համալրումը նախատեսվում է իրականացնել առաջիկա երկու տարվա ընթացքում։ Հայտնի է նաև, որ կողմերը համատեղ են իրականացնելու այդ սահմանի պաշտպանությունը։

Բացի այդ, լիովին ազատություն է տրվելու ռուս-աբխազական սահմանն անցնելու առումով, միայն անվտանգության առումով որոշակի սահմանափակումներ կլինեն։

3 տարվա ընթացքում նաև համապատասխանացվելու են մաքսային համակարգն ու օրենսդրական դաշտը։

«Մենք հնարավորություն ենք ստացել երկարաժամկետ հեռանկարում ապահովել սեփական անվտանգությունը։ Դրան զուգահեռ, իհարկե, մենք պարտավորվում ենք ապահովել մեր դաշնակցի՝ Ռուսաստանի անվտանգությունը։ Սա երկրու ինքնիշխան պետությունների հավասարազոր հարաբերություն է»,- հայտնել է Աբխազիայի նախագահ Ռամիլ Խոջիմբան, հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Համաձայնագիրը մշակել էր ռուսաստանյան կողմն ու ներկայացրել Աբխազիային, որի խորհրդարանում էլ 2014թ հոկտեմբերի 13-ից այն դրվել էր քննարկման։ Խորհրդարանում քննարկումներն ավարտվել են հոկտեմբերի 27-ին։

Նովոստի Աբխազիի լրատվակայքը հոկտեմբերի 24-ին հայտնել էր, որ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հանդիպել է երկրի հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների համակարգման խորհրդի ներկայացուցիչներին ու քննարկել առաջարկված համաձայնագրի նախագիծը։

Աբխազիայի նախագահի հավաստմամբ՝ թեև կարևոր է համագործակցությունը ՌԴ-ի հետ, սակայն իր պատկերացումներն այդ հարցի շուրջ տարբերվում են այն դրույթներից, որոնք ներկայացրել է ռուսաստանյան կողմը։ Խաջիմբան նաև հայտնել է, որ աբխազական կողմը պատրաստվում է խորհրդարանի, մի շարք փորձագետների և հասարակական կառույցների հետ վերանայել համաձայնագրում նշված կետերն ու ներկայացնել դրա խմբագրված տարբերակը։

Աբխազիայի և Ռուսաստանի միջև նոր համագործակցության պայմանագրի նախագիծը մինչ այդ հայտնի էր «Համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիր» անունով։ Այժմ շրջանառության է մտել «Ռուսաստանի և Աբխազիաի միջև համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր» տարբերակը։

Ռուս-աբխազական համագործակցության այս նոր փուլն ու համաձայնագրի շուրջ ծավալվող իրադարձությունները մտահոգության պատճառ են դարձել նաև Վրաստանի համար։ Թեպետ ՌԴ-ն պնդում է, որ դրանում չկա, որևէ կետ, որը պետք է առաջացնի Վրաստանի անհանգստությունը, այդուհանդերձ, ակնհայտ է, որ Աբխազիայի նկատմամբ հավակնություններ ունեցող և այն իր տարածքային ամբողջականության շրջանակներում դիտարկող Վրաստանը չի կարող սառնասրտորեն հետևել երկրամասի և Ռուսաստանի մերձեցման ևս մեկ քայլին։

Վրաստանը 2008-ի օգոստոսին անհաջող փորձ արեց Հարավային Օսիան և Աբխազիան ռազմական ճանապարհով վերադարձնել, բայց նշված վայրերում ռուսաստանյան խաղաղապահ ուժերին փոխարինելու եկան արդեն զինված ուժերի ստորաբաժանումները։

2014թ հոկտեմբերի 19-ին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Ալասանիան հայտարարեց, որ Ռուսաստանի և Աբխազիայի միջև համաձայնագրի ստորագրմանը Վրաստանը կպատասխանի «ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ»։ Որպես հնարավոր պատասխան քայլ՝ լրատվամիջոցները նշեցին Աբխազիայի հետ սահմանին լրացուցիչ ստորաբաժանումների տեղակայումը, սակայն այդքան էլ պարզ չէ, թե ինչ խնդիր կլուծի դրանով Թբիլիսին։

Ալասանիան նշել էր, որ պատասխան գործողությունների նախագիծը պատրաստ կլինի մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ը։

Վրաստանյան կողմը նաև ռուս-աբխազական համաձայնագրի ենթատեքստում հոկտեմբերի 28-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որի հրատապության պատճառով նույնսիկ երկրի նախագահը հետաձգեց իր արտասահման այցելությունը։

ԱԱԽ նիստում, որին առաջին անգամ ներկա է եղել նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանը քննարկել է, թե ինչ սպառնալիքների առաջ կարող է կանգնել համաձայնագրի ստորագրումից հետո և ինչպես պիտի պատրաստվի։

Դիվանագիտական հարթակում Վրաստանի տարածքային ամբողջականության աջակցման համար արտաքին գործերի այն ժամանակվա նախարարն Մայա Փանջիկիձեն էլ հայտարարություններ էր անում ու մեղադրում Ռուսաստանին Աբխազիայի «անեքսիայի» համար։

Արդեն նոյեմբերի 23-ին՝ Պուտին-Խոջիմբա հանդիպմանն ընդառաջ, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ՌԴ-ի և Աբխազիայի փաստացի իշխանության հետ համաձայնագիրը որակել է որպես «անհեթեթություն»։ Անհանգստացած հայտարարություններ է արել նաև Վրաստանի ներկայիս արտաքին գործերի նախարարությունը։

4 responses to “Աբխազիան և Ռուսաստանը ստորագրել են համագործակցության և ռազմավարական գործընկերության համաձայնագիրը

  1. Pingback: Վրաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան չի ճանաչում ռուս-աբխազական գործընկերության համաձայնագիրը | Ռազմ.info

  3. Pingback: ՌԴ-ի հետ համաձայնագրով ուժային կառույցները շարունակելու են մնալ Հվ. Օսիայի ենթակայության տակ | Ռազմ.info

  4. Pingback: Հարավային Օսիա-Ռուսաստան համաձայնագիրն անհանգստացնում է Վրաստանին և ՆԱՏՕ-ին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *