Թուրքիան խաղաղապահներ կուղարկի Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն և Մալի

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է կառավարության համապատասխան որոշումն առ այն, որ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության շրջանակներում ուժեր է ուղարկելու Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն և Մալի:

ՄԱԿ-ի խաղաղապահները Մալիում

ՄԱԿ-ի խաղաղապահները Մալիում

Այս մասին հաղորդում է «Հյուրրիյեթ» լրատվականը՝ նշելով, որ վերոնշյալ որոշումն ուժի մեջ է լինելու մեկ տարի: Ներկայումս Անկարայում քննարկվում է  տվյալ երկրներ Թուրքիայի ԶՈւ սպաներ և C-130 բեռնատար ինքնաթիռ ուղարկելու հարցերը:

2014 փետրվարին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության  հարցերով նախկին գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը խնդել էին Թուրքիային խաղաղապահ զտորաբաժանումներ ուղարկել՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն և Մալի ՄԱԿ-ի խաղաղապահների կազմում ծառայելու համար:

Հիշեցնենք, որ Մալին Աֆրիկայում գտնվող պետություն է, որի հյուսիային հատվածը դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից: Ստեղծված իրավիճակի պատճառը 2011-ին Լիբիայում Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումն էր, ինչի հետևանքով տեղի տուարեգ ցեղի փախստականները ներթափանցել են հարևան Մալիի հյուսիային Քիդալ նահանգ և նպատակ դրել զինված պայքարի միջոցով երկրի հյուսիսային շրջաններն անկախացնել կենտրոնական իշխանություններից կամ էլ հասնել լայն իրավունքներով ինքնավարության: Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման՝ խաղաղապահներն այս երկրում մնալու են մինչև 2015 թ. հուլիսի 30-ը:

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի խաղաղապահները քաղաքացիներին պաշտպանելու, ավազակային խմբերին զինաթափելու ու առաջիկա ընտրությունները կազմակերպելու հարցերում անցումային կառավարությանն աջակցելու, ինչպես նաև տեղաբնակներին մարդասիրական օգնություն տրամադրելու առաքելություն են կատարում: Այստեղ իրավիճակը սրվել է 2013-ին «Սելեկա» իսլամիստական ծայրահեղական խմբավորման և վերջիններիս ընդդիմացող քրիստոնյաների միջև բախման հետևանքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *