ՊԲ հատուկ նշանակության ուժերը դուրս են բերել խոցված ուղղաթիռի անձնակազմին. հակառակորդն ունի կորուստներ

Արցախի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ուժերը ուղղաթիռի խոցման վայրից տարհանել են հայկական Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Այս մասին նոյեմբերի 22-ին հայտնել է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Հայկական զինուժի հատուկջոկատայիններ. Արցախ, 14.11.2014

Հայկական զինուժի հատուկջոկատայիններ. Արցախ, 14.11.2014

Ըստ հաղորդագրության՝ հատուկ նշանակության գործողության ընթացքում «շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող»։ Պաշտպանության բանակը գործողության ընթացքում կորուստներ չի կրել:

ՊԲ-ից նշում են նաև, որ դիմել են հատուկ գործողությանը` հաշվի առնելով ադրբեջանական կողմի հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը:

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ արդեն անդրադարձել են այս տեղեկությանը` ընդամենը նշելով, որ հայկական կողմը նման բան է հայտարարում: Ադրբեջանի ՊՆ-ն մի կողմից «հերքել է» այս լուրը, սակայն մյուս կողմից հայտնել է, որ «դեռ ճշտում են ինֆորմացիան»։

Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 12-ին Արցախում ընթացող «Միասնություն 2014» զորավարժության շրջանակներում ուսումնավարժական թռիչք իրականացնելիս ադրբեջանական կողմը խոցել էր հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Անձնակազմի 3 անդամների ճակատագիրը մինչ օրս անհայտ էր, իսկ ադրբեջանական կողմը միջազգային կառույցների՝ օդաչուների մարմինները դուրս բերելու միջնորդությանը տալիս էր լկտի պատասխան՝ նշելով, որ դա կարվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարկ համարի։