Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Աֆղանստանում վիրավորված մայորին

Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն նոյեմբերի 17-ին այցելել է Աֆղանստանում օրեր առաջ վիրավորված մայոր Զազա Տուրմանիձեին, ով բուժվում է Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկում։ Նախարարը վիրավոր մայորին այցելել է Բրյուսել կատարած այցից հետո։

Այս մասին հայտնում է վրաստանյան Грузия online լրատվակայքը։

Տեղեկացնենք, որ Աղֆանստանի Բահրամ ավիաբազայում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն, որի հետևանքով վրաստանյան 51-րդ գումարտակի 3 զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Միջադեպի ժամանակ զինծառայողները պարեկություն էին իրականացնում։

Վիրավորվել են շարքային Գեորգի Տուսիաշվիլին, կապիտան Միխաիլ Լիպարտելիանին, ինչպես նաև մայոր Զազա Տուրմանիձեն։ Վերջինիս վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում տեղակայված վրաստանյան 51-րդ գումարտակն նոյեմբերի 2-ից անցել է ծառայության: Սա Վրաստանի ԶՈւ վերջին ստորաբաժանումն է, որը ծատայելու է ISAF-ի առաքելության եզրափակիչ փուլում:

Հիշեցնենք, որ մինչև 2014 թվականի ավարտը ՆԱՏՕ-ն դուրս է բերելու Աֆղանստանում ծառայություն իրականացնող իր ուժերի հիմնական մասն ու երկրում անվտանգության ապահովման գործը փոխանցելու է տեղի ուժայիններին: 2014-ից հետո Աֆղանստանում շարունակելու են ծառայել ԱՄՆ-ի մոտ 10 հազար զինծառայողներ, որոնք ապահովելու են տեղի ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը, ինչպես նաև վերապատրաստելու են Աֆղանստանի զինված ուժերի ու մյուս ուժային կառույցների ծառայողներին: Այս գործում նրանց օգնելու են նաև տարբեր երկրների ևս 3000 զինծառայողներ, որոնք երկրում տեղակայվելու են Աֆղանստանի հետ երկկողմ պայմանավորվածությունների արդյունքում:

Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելության ավարտին զուգահեռ փակվում են ռազմաբազաներն ու կրճատվում է այնտեղ ծառայող զորախմբերի թիվը։

Սակայն Վրաստանը վերջերս հայտարարել է, որ 2015 թվականին ևս շարունակելու է աջակցել աֆղանական ուժերին երկրում անվտանգություն ապահովելու գործում:

Վրացի խաղաղապահները 2009 թվականից ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրաստանցի զինծառայողների ռոտացիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *