Զաքիր Հասանովը բարձրաստիճան մի շարք հանդիպումներ է ունեցել Պակիստանում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով ներկայումս պաշտոնական այցով Պակիստանում է, նոյեմբերի 19-ին հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարարին, ինչպես նաև շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահին: Քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Պաշտպանության նախարարն ու շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահը

Պաշտպանության նախարարն ու շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահը

Նշվում է, որ վերոնշյալ հանդիպումներին քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Հայտնի է, որ պաշտպանության նախարար Հասանովին ընդունել է նաև Պակիստանի նախագահ Մեմնուն Հուսեյնը։

Պակիստանյան աղբյուրները հայտնում են, որ Հասանովի հետ հանդիպման ընթացքում նախագահ Հուսեյնը նախ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Քաշմիրի հիմնահարցում Պակիստանին աջակցելու համար, ինչպես նաև վերահաստատել իր ղեկավարած պետության աջակցությունն Ադրբեջանին՝ Արցախյան հիմնահարցի շուրջ։

Ուշագրավ է այն, որ Ադրբեջանն իր զորակցությունն է հայտնում Պակիստանին Քաշմիրի հարցում, որը լինելով Հնդկաստանի երկրամասը, անջատողականության արդյունքում փաստացի հայտնվել է Պակիստանի վերահսկողության տակ։ Իսկ ինչպես հայտնի է, Ադրբեջանը միջազգային հնարավոր բոլոր ատյաններում անջատողական է որակում ինչպես Արցախյան շարժումն, այնպես էլ Արցախի ներկայիս ղեկավարությունը։

Հանդիպման ընթացքում Մեմնուն Հուսեյնն առաջարկել է նաև Ադրբեջանին ավելի մեծ թվով կուրսանտներ և սպաներ ուղարել Պակիստանի ռազմաուսումնական հաստատություններում վերապատրաստում անցնելու, ինչպես նաև անգլերենի դասընթացներին մասնակցելու համար։

Նշենք նաև, որ Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Թահիր Ռաֆիքի հետ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել ռազմական համագործակցությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես ռազմաօդային ուժերի ոլորտը։

Հավելենք, որ Զաքիր Հասանովի պաշտոնական այցը Պակիստան ավարտվում է այսօր՝ նոյեմբերի 19-ին։

2 responses to “Զաքիր Հասանովը բարձրաստիճան մի շարք հանդիպումներ է ունեցել Պակիստանում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 16-22, 2014 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանն ու Պակիստանը կքննարկեն ռազմական համագործակցության խորացման հարցեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *