Սեյրան Օհանյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հայկական ուղղաթիռի խոցման միջադեպը

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Այդ մասին հայտնում է ՊՆ կայքը։

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցման միջադեպը

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցման միջադեպը

Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի խոցած հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու եւ դիակները վերադարձնելու ուղղությամբ միջազգային ջանքերը համակարգելուն ուղղված հնարավոր քայլերը:

Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 12-ին Աղդամի շրջանում ուսումնավարժական թռիչք կատարելիս խոցվել է հայկական զինուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Խոցման հետևանքով, ըստ նախնական տեղեկության, անձնակազմի անդամները զոհվել են: Ուղղաթիռն ընկել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտում։ Հայկական կողմը հայտարարել է, որ ուղղաթիռը հակառակորդի օդային սահմանը չի հատել։

Արցախի իշխանությունները պաշտոնապես դիմել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին՝ հայցելով վերջինների միջնորդությունը նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի 3 անդամներին շփման գծի չեզոք գոտուց դուրս բերելու հարցում։

Սակայն արդբեջանական կողմը շարունակել է կրակել ընկած ուղղաթիռի ուղղությամբ, ինչի պատճառով հայկական զինված ուժերի զինծառայողներին չի հաջողվում մոտենալ անկման վայրին:

Հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ Միացյալ Նահանգների դիրքորոշումը նոյեմբերի 12-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին։ Խոսնակը հայտարարել է, որ սա ևս մեկ հիշեցում է նվազեցնելու լարվածությունը ու հարգելու հրադադարը տարածաշրջանում։ Փսակին վերահաստատել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *