Թուրքական լրատվամիջոցների անդրադարձն Անդրկովկասում ռազմաքաղաքական զարգացումներին

Նոյեմբերի 8-15-ը թուրքական մամուլում շրջանառվել են Հարավային Կովկասի ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ մի քանի թեմաներ՝ հայկական ուղղաթիռի խոցման միջադեպը, թուրք գեներալների այցելությունն Ադրբեջան, ինչպես նաև Արցախում ադրբեջանցի սահմանախախտների դատավարությունը։

Թուրքական «Ռադիկալի» անդրադարձը խոցված ուղղաթիռին

Թուրքական «Ռադիկալի» անդրադարձը խոցված ուղղաթիռին

1. Խոցված հայկական ուղղաթիռի միջադեպ

Թուրքական լրատվամիջոցները ներկայացնում են միայն ադրբեջանական տեսակետը: Մասնավորապես «Hurriyet» պարբերականն իր «Ադրբեջանը հայկական ուղաթիռ է խոցել» հոդվածում նշում է. «Սահմանագծին մոտ շրջաններում զորավարժություններ իրականացնող Հայաստանի ռազմաօդային ուժերն արդեն երեք օր է, ինչ սադրիչ թռիչքներ են իրականացնում: Հայտնի է դարձել, որ այդպիսի թռիչքներից մեկի ընթացքում այսօր հայկական ուղղաթիռներից մեկը հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա: Սահմանագծի վրա ադրբեջանական զինված ուժերը խոցել են այդ ուղղաթիռը»:

Համանման բովանդակությամբ հոդվածներ հրապարակել են նաև բազմաթիվ այլ թուրքական թերթեր, ինչպիսիք են՝ «Զաման», «Ռադիկալ» , «Միլլիեթ», «Սաբահ» պարբերականները:

2.Թուրք գեներալների այցելությունն Ադրբեջան

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև Թուրքիայի գլխավոր շտաբի հատուկ նշանակության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըի նոյեմբերի 5–8-ը Ադրբեջան կատարած պաշտոնական այցին: Աքսաքալլըն, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպումից և բարձրաստիճան զինվորականների հետ քննարկումներից հետո այցելել է հայ-ադրբեջանական շփման առաջնագծի դիրքեր, զրուցել ծառայություն իրականացնող ադրբեջանական զինծառայողների հետ, դիտարկել հայկական դիրքերը: Այցին վերաբերող հոդվածներում նշվում է նաև Աքսաքալլըի խոսքը՝ ուղղված ադրբեջանական զինծառայողներին. «Ձեզ հետ ես հպարտություն եմ զգում: Ես տեսա, որ շատ լավ վիճակում են թե՜ ձեր բարոյական վիճակը, թե՜ ձեր ռազմական տեխնիկան, միջոցները և զենքերը: Այդ ամենի համար ես անչափ ուրախ եմ: Թուրքիան մշտապես Ադրբեջանի կողքին է եղել: Ադրբեջանն ու Թուրքիան ռազմականորեն անպարտելի են: Պատերազմներում մենք բազմիցս դա ապացուցել ենք»:

Գեներալ Աքսաքալլըի այցին հետևել է Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության պետ, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայի պաշտոնական այցն Ադրբեջան: Նոյեմբերի 11–14-ը նա հանդիպումներ է ունեցել ադրբեջանական իր գործընկերների հետ: Աթայը ծաղկեպսակ է դրել Հեյդար Ալիևի շիրիմին,  ինչպես նաև այցելել է «ադրբեջանցի և թուրք նահատակներին» նվիրված հուշահամալիր, գրառումներ է կատարել հուշատետրում:

Աղբյուրներ՝ «Ռադիկալ», «Հուրրիեթ», «Հուրրիեթ», «Իհլաս հաբեր»

3.Արցախում ադրբեջանցի դիվերսանտների դատավարություն

Թուրքական մամուլում մեծ ուշադրություն է հատկացվում նաև 2014 թ. հունիսի 29-ին Արցախի սահմանը հատած ադրբեջանական դիվերսանտների խնդրին: Այս հարցում ևս թուրքական մամուլն ամբողջովին պաշտպանում է ադրբեջանական տեսակետը և հայկական իշխանություններին մեղադրում «իրենց ծնողների գերեզմաններն այցելել ցանկացած ադրբեջանի քաղաքացիներին գերության մեջ պահելու համար»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի լրագրողների միության նախագահ Սերթելը, ով նշել է. «Հայաստանն ազատ չի արձակում իրենց ծնողների գերեզմաններն այցելած Ադրբեջանի երկու քաղաքացիներին»

Աղբյուրը՝ «Ռադիկալ»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *