ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ՆԳ-ի մշտական հանձնաժողովի կազմը դեռ հայտնի չէ

Մայիսի 31-ին կայացել են ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները և սահմանվել են դրանց գործունեության ոլորտները: Պաշտպանության,  ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտը կլինի`  պաշտպանություն,  անվտանգություն,  արտակարգ իրավիճակներ,  ոստիկանություն,  ռազմարդյունաբերական համալիր,  ռազմական ուսումնական հաստատություններ,  զինվորական և ոստիկանական ծառայություններ: Ընտրությունների արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կորյուն Նահապետյանը: Հանձնաժողովի լրատվության բաժնից Razm.info-ին տեղեկացրեցին, որ դեռ հանձնաժողովի կազմը հայտնի չէ:

Նշենք, որ Կորյուն Նահապետյանը ծնվել է 1971թ. հուլիսի 23-ին Երեւանում:  1994թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.` ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ.` ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը:

Հիշեցնենք, որ Չորրորդ գումարման ԱԺ-ում վերոնշյալ հանձնաժողովը ղեկավարում էր ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը: Իսկ Կորյուն Նահապետյանը ներկայացնում է ՀՀԿ խմբակցությունը:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *