Վրաստանի խորհրդարանը զրկել է անվտանգության խորհրդին մի շարք իրավասություններից

Հոկտեմբերի 30-ին Վրաստանի խորհրդարանում երրորդ ընթերցմամբ վերջնականապես որոշվեց փոփոխություն մտցնել «Ազգային անվտանգության խորհրդի մասին» օրենքում, ըստ որի՝ Վրաստանի նախագահի ղեկավարած խորհուրդը զրկվում է մի շարք իրավասություններից։

Վրաստանի խորհրդարանը Քութայիսում

Վրաստանի խորհրդարանը Քութայիսում

Այս մասին հայտնում  է Newsgeorgia լրատվակայքը։

Սահմանադրությամբ Վրաստանի նախագահը շարունակում է մնալ Անվտանգության խորհրդի նախագահն ու երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։ Խորհրդի գործունեության, ինչպես նաև ռազմական և արտակարգ իրավիճակներում իրավական ակտերը չեն պահանջում վարչապետի հետ համաձայնեցում։

Դրա հետ մեկտեղ, Վրաստանի վարչապետը խորհրդի մշտական անդամ է և մասնակցում է դրա գործունեությանը։
«Ազգային անվտանգության խորհուրդը համարվում է Վրաստանի նախագահի խորհրդակցական մարմինը, որը ստեղծվել է երկրի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև ռազմական դրության և արտակարգ իրավիճակների ժամանակ քաղաքական որոշումների կայացման դեպքում առաջարկներով հանդես գալու համար»,- նշվում է օրենքի նախագծում։

Փոփոխությունների համաձայն՝ ԱԱԽ-ն կորցնում է ներքին և արտաքին քաղաքականության հարցերի լուծման իրավունքը, եթե դրանք անմիջականորեն կապված չեն պաշտպանական ոլորտի հետ։

Խորհուրդը պիտի գնահատի պաշտպանական համակարգի վիճակը, այլ ոչ թե «արտաքին կամ ներքին սպառնալիքների ուղղությունը երկրի անվտանգության ներկա իրավիճակում»։

Դրան զուգահեռ ԱԱԽ-ն չի զբաղվելու պաշտպանության Ազգային հայեցակարգի մշակմամբ, այլ միայն այդ հարցով պատրաստելու է իր առաջարկները։ Վրաստանի սահմանադրությամբ այդ հայեցակարգը մշակում և հաստատում է Վրաստանի կառավարությունը։

Անվտանգության խորհուրդը զրկվում է նաև կոռուպցիայի դեմ պայքարի, արտաքին քաղաքականության և իրավապահ մարմինների ռազմավարության մշակման իրավունքից՝ զբաղվելով միայն ռազմական ոլորտի հետ կապված հարցերով։ Սրան զուգահեռ, ԱԱԽ իրավասությունների տիրույթում է մնում ընթացիկ միջազգային կոնֆլիկտների ուսումնասիրությունն ու վերլուծությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում երկրում այլ երկրների զինված ուժեր տեղակայելու հարցը։

Նախկինի պես խորհուրդն իրավունք կունենա մշակել Վրաստանի զինված ուժերի թվաքանակի հետ կապված առաջարկներ և դրանք ներկայացնել կառավարությանը՝ վերջինիս մշակած պետական բյուջեի հետ հաստատելու համար։

Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը կորցնում է նաև ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների դեպքում տարբեր շրջաններում նախագահի ներկայացուցչի թեկնածուի քննարկման կամ նշանակման իրավունքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *