«Հալո Թրաստը» կավարտի Արցախում ԱՄՆ ֆինանսավորմամբ ականազերծման ծրագիրը

Բրիտանական «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպությունը 2015-ին կավարտի Արցախում ականազեծման ծրագիրը, որի համար ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 5 մլն ամերիկյան դոլար է տրամադրել: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին հայտնում է գործակալության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Քարեն Հիլարդը:

Ականազերծման աշխատանքների մոնիտորինգ

ՀՀ ՊՆ տեղակալ Դավթի Տոնոյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հետևում են Սյունիքում Halo Trust ընկերության ականազերծման աշխատանքներին. մայիս 2014

Հիլարդի խոսքով՝ կազմակերպությունը 2000 թվականից ֆինանսավորում է «Հալո Թրաստին», ինչի շնորհիվ ականազերծող կազմակերպությունը կարողացել է ականներից ազատել Արցախի շուրջ 27 հազար հեկտար (270քկմ) տարածք, որտեղ հնարավոր է դարձել գյուղատնտեսությամբ զբաղվել:

Ամերիկյան գործակալության տվյալներով՝ այժմ չի մաքրվել ծրագրով նախատեսված տարածքների մոտ 5 տոկոսը, որը հիմնականում լեռներում ու անտառներում է, ինչն իր հերթին դժվարացնում է աշխատանքը:

Պետք է նշել, որ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Հալո Թրաստ» կազմակերպությունն իրավունք ունի ականազերծել միայն նախկին ԼՂԻՄ տարածքները: Արցախում «Հալո Թրաստի» աշխատանքների ղեկավար Նիք Սմարթի խոսքով՝ եթե ԼՂԻՄ-ից դուրս ազատագրված տարածքներում բնակիչները ականներ հայտնաբերեն, ապա կազմակերպության աշխատակիցները պատրաստ են դրանք վնասազերծել, բայց դրա համար ամերիկյան գործակալությունը չի ֆինանսավորում նրանց:

Այս տեսանկյունից ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի հայտարարությունը չի նշանակում, որ Արցախն ամբողջությամբ կականազերծվի մինչև 2016-ը, քանի որ ազատագրված տարածքների ականազերծումը կշարունակվի նաև հետագայում, բայց դրանով հիմա զբաղվում է Արցախի պաշտպանության բանակը:

2013թ. հոկտեմբերին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Ռազմինֆոյին հայտնել էր, որ «Բանակի անմիջական վերահսկողության հատվածներում ականազերծման աշխատանքներն իրականացնում են ԶՈւ ստորաբաժանումները»: Հրամանատարի խոսքով ազատագրված տարածքներում ականներ դեռ հայտնաբերվում են, քանի որ այդ տարածքները ժամանակին պատերազմի թատերաբեմ են եղել:

«Հալո Թրաստ» կազմակերպության մասին խոսելիս Հակոբյանն այն բնորոշել էր որպես «պահեստուժ», որը համագործակցում է ՊԲ զորացրված սակրավորների հետ: ՊԲ հրամանատարն ընդգծել էր, որ ականազերծման աշխատանքների մեծ մասը կատարում են Պաշտպանության բանակի ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *