ՆԱՏՕ-ն հրապարակել է Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի ներածությունը

Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Վրաստանին տրվեց համագործակցության նոր փաթեթ, որի բովանդակությունը, սակայն, հասանելի չէր հասարակությանը։ Մոսկվայի կարծիքով այդ փաթեթը սպառնում է խախտել հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչին ի պատասխան Վրաստանի պաշտպանության նախարարը խոսեց փաթեթի որոշ մանրամասների մասին։

Ենթադրաբար ՆԱՏՕ-ն որոշել է հրապարակել փաթեթի ներածական մասն այս բանավեճում որոշակի հստակություն մտցնելու համար։  Ըստ տարածված հաղորդագրության՝ փաթեթի ներածական մասում հայտարարված են փաթեթի նպատակները, ինչպես նաև Վրաստանի կարգավիճակը՝ որպես Հյուսիսատլանտյան դաշինքում անդամության հավակնորդ-երկիր։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ փաթեթի գլխավոր նպատակը Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործում նախապատրաստելն է։

Ներկայացնում ենք հրապարակված ներածական մասը ոչ պաշտոնական թարգմանությամբ։

1. Դաշինքի երկրների արտաքին գործերի նախարարները 2014թ հունիսի 25-ին համաձայնեցին Վրաստանի համար համագործակցության նոր փաթեթ մշակել։ Փաթեթի նպատակն է բարձրացնել Վրաստանի պաշտպանունակությունը, ինչը կօգնի այդ երկրին անդամակցության հարցում։

2. Նշված փաթեթը մշակվել և իրականացվել է Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի շրջանակներում։ Այն կենտրոնական դեր ունի Բուխարեստի գագաթաժողովից [խոսքը 2008թ գագաթաժողովի մասին է — Ռազմինֆո] հետո Վրաստանին անդամակցության պատրաստելու գործընթացի վերահսկման համար։ Վրաստանը որպես հավակնորդ-երկիր կներկայացնի այդ փաթեթի մասերը իր տարեկան ծրագրերում։

3. Խրախուսվում է, որ Դաշինքի երկրները Վրաստանի հետ երկկողմ համագործակցության դեպքում հաշվի առնեն փաթեթի դրույթները։

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանը դժգոհել էր Վրաստանում ՆԱՏՕ-ի քայլերից։

One response to “ՆԱՏՕ-ն հրապարակել է Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի ներածությունը

  1. Pingback: ԱՄՆ-ն 20 մլն դոլար ռազմական օգնություն կտրամադրի Վրաստանին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *