Վրաստանում ՊՆ և ԳՇ աշխատակիցների ձերբակալությունը վնասում է Իրակլի Ալասանիայի իմիջը

Հոկտեմբերի 28-ին Վրաստանի պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայիս չորս և մեկ նախկին աշխատակից ձերբակալվել են մոտ 2,3 մլն ԱՄՆ դոլար յուրացնելու մեղադրանքով: Հոկտեմբերի 30-ին դատարանի դռնփակ նիստում որոշվել է խափանման միջոց ընտրել կալանքը։Այս մասին հայտնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Ինչպես նշել է դատախազությունը, ձերբակալությունները կապված են գաղտնի գնումների հետ:

Ձերբակալվածների թվում են ՊՆ պետական գնումների հանձնաժողովի նախկին նախագահը, ով զբաղեցնում էր այդ պաշտոնը 2013թ հուլիսից մինչև 2014թ հունվար, ինչպես նաև նույն հանձնաժողովի գործող երկու աշխատակից: Վրաստանի ԶՈւ ԳՇ համակարգից ձերբակալվել են ԳՇ տեղեկատվական համակարգերի և կապի հանձնաժողովի նախագահն ու նույն ոլորտի ևս մեկ աշխատակից:

Հոկտեմբերի 29-ին վրաստանյան լրատվամիջոցները հայտնեցին ձերբակալվածներից 2-ի անունը՝ Գեորգի Լոբժանիձե  ևԱրչիլ Ալավիձե։ Նրանց արդեն մեղադրանք է առաջադրվել։ Վերջիններիս փաստաբան Լևան Սամուշիան դժգոհել է՝ նշելով, որ իր գործը չափազանց բարդ է, քանի որ չի կարողանում ծանոթանալ գործին,  որովհետև այն համարվում է գաղտնի։ Նա նաև հրապարակայնորեն դիմել է Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլիին Վրաստանի սահմանադրության 26-րդ գլխին ծանոթանալու պահանջով։

Այս պաշտոնատար անձինք ամեն ինչ արել են, որ գաղտնի գնումներում մյուս ընկերությունները սխալ տեղեկություն ստանան և հաղթող ճանաչվի Silknet ընկերությունը:

Հետաքննության տվյալներով՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունը 2013 թվականի դեկտեմբերի 26-ին վրաստանյան Silknet ընկերության հետ պայամանագիր է կնքել, որով նախատեսում է գնել օպտիկամանրաթելային մալուխներ, ցանցային սարքավորումներ տեղադրման և երաշխիքային սպասարկման հետ միասին։

Պայմանագրի համաձայան՝ պաշտպանության նախարարությունն այդ ընկերությանը պիտի վճարի 3,84 մլն ամերիկյան դոլար։ Իսկ 2015 թվականի հունվարի 16-ին պաշտպանական գերատեսչությունը կստանա ընկերությունից պատվիրված ապրանքները, որոնց իրական գինն, ըստ փորձագետների, կազմում է 1,49 մլն ամերիկյան դոլար։

Դատախազության ներկայացուցիչ Կոկա Կացիտաձեի հավաստմամբ պետական միջոցների յուրացման համար սպառնում է 7-11 տարվա ազատազրկում: Այս մասին հայտնում է Էխո Կավկազա («Ազատություն» ռ/կ կովկասյան բաժինն է — Ռազմինֆո) ռադիոկայանը,

Դատախազության այս հայտարարությունից հետո պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Վրաստանի պաշտպանական գերատեսչության գնումների հանձնաժողովը գնումներն իրականացնում է «Վրաստանի սահմանադրությանը համապատասխան» և անհրաժեշտության դեպքում կգաղտնազերծի այդ պայմանագիրը քրեական գործի համար։

Հավելենք, որ դատախազության բացահայտումը համընկավ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի արտասահմանյան այցերի հետ: Մամուլում սկսեցին շրջանառվել  Ալասանիայի հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններ։

Վրաստանի քաղաքական վերնախավում միջադեպին Ալասանիայի ներգրավվածության մասին տարբեր դիրքորոշումներ կան։

Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նշել է, որ դա քիչ հավանական է, քանի որ Ալասանիան արդյունավետ նախարարներից է համարվում։

Վրաստանի վարչապետն էլ ավելի չեզոք պատասխան է տվել, հայտնելով. «Այս  դեպքն ինձ հիասթափեցրել է։ Բայց պետք է սպասել հետաքննության արդյունքներին և հնարավորություն տալ դատախազությանը քննել գործն այնպես, որ ոչ մի անպատասխան հարց չմնա»,- ասել է Ղարիբաշվիլին։

Խորհրդարանի ղեկավար Դավիդ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ այդ գործը վերցնում է իր անմիջական հսկողության տակ, քանի որ այն շարքայիններից չէ։ Ու եթե հաստատվի այդ մարդկանց մեղավորությունը, նրանք քաղաքական լուրջ պատասխանատվության կենթարկվեն։

Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն էլ հավաստել է, որ Ալասանիան բավական հաջող նախարար է ու դրա մասին է փաստում նաև այն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բարձր գնահատական է տվել պաշտպանական գերատեսչությունում կատարվող և կատարված բարեփոխումներին։

Այս հարցին իր հերթին անդրադարձել է նաև ԱՄՆ-ն։ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջովին հավատում է պաշտպանության նախարարին։

Հավելենք, որ ինքն Ալասանիան դեռևս ոչ մի հայտարարությամբ հանդես չի եկել։ Նա կվերադառնա Վրաստան նոյեմբերի 7-ին։

Վրաստանյան հասարակությունում արդեն տևական ժամանակ քննարկվում է, որ իշխող «Վրացական երազանք» -ը «չի սիրում» պաշտպանության նախարարին, որը «Ազատ դեմոկրատներ» կուցակցության նախկին ղեկավարն է:  Չընդունված լինելու կարծիքը փաստում են նրանով, որ «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ժամանակին Ալասանիային ազատել է փոխվարչապետի պաշտոնից: Իվանիշվիլին այդ ժամանակ զայրացել էր, որ «Ազատ դեմոկրատները» սկսել էին առանց իր իմացության քննարկել կուսակցության թեկնածուի մասնակցության հարցը 2013թ նախագահական ընտրություններին:

Իրակլի Ալասանիայի իմիջի փչացման հետ է կապվում այն, որ նոյեմբերի 8-ին «Ազատ դեմոկրատների» հավաք են նախատեսում, որի ժամանակ հնարավոր է նորից կուսակցության ղեկավար դառնա Ալասանիան: Կուսակցության անդամներն օրերս բացառել են, որ վերանշանակվելուց հետո Ալասանիան կթողնի պաշտպանության նախարարի պաշտոնն ու կնախապատրաստի կուսակցությանը 2016 թվականի ընտրություններին` «Վրացական երազանք» կոալիցիայից առանձին:

2 responses to “Վրաստանում ՊՆ և ԳՇ աշխատակիցների ձերբակալությունը վնասում է Իրակլի Ալասանիայի իմիջը

  1. Pingback: Վրաստանի ՊՆ և ԳՇ աշխատակիցների ձերբակալությունը կռվախնձոր է Գլխավոր դատախազության ու ՊՆ-ի համար | Ռազմ.info

  2. Pingback: Վրաստանի վարչապետը պաշտոնից ազատել է նաև Իրակլի Ալասանիայի տեղակալներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *