Ստեփանակերտում սկսվել է սահմանախախտ զինված ադրբեջանցիների դատավարությունը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ստեփանակերտի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Արցախի սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցիների դատավարությունը։ Դատական նիստը ղեկավարում է դատավոր Անատոլի Թադևոսյանը։

Ստեփանակերտում մեկնարկել է զինված ադրբեջանցիների դատավարությունը

Ստեփանակերտում մեկնարկել է զինված ադրբեջանցիների դատավարությունը
Նկարը՝ Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի

Իլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը մեղադրվում են Արցախի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես՝ 316-րդ հոդվածով` լրտեսություն, 350-րդ հոդվածի 2-րդ մասով`առանց պատշաճ թույլտվության Արցախի պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբով հատելու, քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելու, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու, ինչպես նաև 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանություն և այլ հանցանքների համար։

Բացի վերոնշյալ հոդվածներից, նրանց մեղադրանք է առաջադրվել նաև 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի համար։

Տեղեկացնենք, որ Բաքվի Կարմիր խաչի գրասենյակը վերջերս հրաժարվել էր պատասխանել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի՝ դատավարությանն առնչվող հարցերին, մեկնաբանելով, թե ԿԽՄԿ-ն դատական գործերի մասին տեղեկատվության աղբյուր չէ։

Հավելենք, որ հուլիսի 10-ին հայտնի էր դարձել, որ Քարվաճառում քաղաքացիական հագուստով զինված ադրբեջանցիներ էին հայտնաբերվել, որոնցից երկուսը հաջորդած օրերին ձերբակալվեցին, իսկ մեկը սպանվեց։ Սպանված ադրբեջանցու դին հայկական կողմը հետագայում հանձնեց Ադրբեջանին։

Հուլիսի 14-ին պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ խումբը վերջնականապես վնասազերծված է։

Ցավոք, ադրբեջանական խմբի գործունեության հետևանքով հայկական կողմն ունեցավ նաև կորուստներ։ Հուլիսի 11-ին գրանցված միջադեպի՝ փոխհրաձգության հետևանքով զոհվեց հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը: Նույն միջադեպի ժամանակ վիրավորվելց նաև 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը։

Խմբի գործունեության հետ են կապում նաև քարվաճառցի 17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան դեպքը, ում դին հուլիսի 15-ն հայտնաբերել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածքում՝ դանակահարված վիճակում։

2 responses to “Ստեփանակերտում սկսվել է սահմանախախտ զինված ադրբեջանցիների դատավարությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հոկտեմբերի 26 – նոյեմբերի 1 | Ռազմ.info

  2. Pingback: Ինջիղուլյանին գերության ժամանակ հարցաքննողներից մեկը Քարվաճառում սպանված դիվերսանտն էր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *