ԱՄՆ ծովային հետևակն ու Մեծ Բրիտանիան ավարտեցին իրենց առաքելություններն Աֆղանստանում

ԱՄՆ ծովային հետևակի ու Մեծ Բրիտանիայի զինված ուժերի՝ Աֆղանստանում տեղակայված վերջին ստորաբաժանումները հոկտեմբերի 26-ին պաշտոնապես ավարտել են այդ երկրում իրենց ռազմական գործողությունները։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական «Ռոյթերս» գործակալությունը։

ԱՄՆ ռազմածովային ուժերի ու բրիտանական զինված ուժերի՝ Աֆղանստանում գործողությունները ավարտելու հանդիսավոր արարողություն

ԱՄՆ ռազմածովային ուժերի ու բրիտանական զինված ուժերի՝ Աֆղանստանում գործողությունները ավարտելու հանդիսավոր արարողություն

Միացյալ Նահանգների ծովային հետևակի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ստորաբաժանումների զբաղեցրած Camp Leatherneck և Camp Bastion ռազմաբազաներում իջեցվել են ամերիկյան ու բրիտանական դրոշները, իսկ բազաների վերահսկողությունը հանձնվել է տեղի զինվորականներին։

Աֆղանստանի ու ԱՄՆ-ի պայմանավորվածության համաձայն՝ 2015 թվականի սկզբում Աֆղանստանում կմնան 9800 ամերիկացի զինծառայողներ, որոնք չեն մասնակցի մարտական գործողությունների, բայց հարկ եղած դեպքում հնարավորություն կունենան պաշտպանվել ու կվերապատրաստեն տեղի զինվորականներին ու ոստիկաններին։ Այլ երկրների հետ միջպետական համաձայնագրերով Աֆղանստանը թույլ է տվել երկրում մնալ արտերկրի ևս մոտ 3000 զինծառայողների, ովքեր նույնպես կզբաղվեն աֆղանստանցի ուժայինների վերապատրաստմամբ։

Բրիտանական զինված ուժերի թողած Camp Bastion ռազմաբազան Աֆղանստանում

Բրիտանական զինված ուժերի թողած Camp Bastion ռազմաբազան Աֆղանստանում

Հարկ է նշել, սակայն, որ պատերազմի պաշտոնապես ավարտվելը չի նշանակում, որ Աֆղանստանում բախումները կավարտվեն, քանի որ միջազգային ուժերի դուրսբերումից հետո աֆղանական ուժայիններն իրենք պիտի կարողանան անվտանգություն ապահովել երկրում։ Սա բավական բարդ կլինի, որովհետև խաղաղապահ գործողություններ իրականացնող միավորումների դուրսբերման հետ Աֆղանստանում վերջին շրջանում ակտիվացել են ահաբեկչական խմբերը, որոնք շարունակում են հարձակումներ կատարել ինչպես օտարերկրյա զինվորական ստորաբաժանումների, այնպես էլ տեղի ուժայինների վրա։

Ավելացնենք, որ ԱՄՆ-ն ու վերջինիս դաշնակիցները 2001-ից Աֆղանստանում պայքարում են «Թալիբան» շարժման դեմ, որն էլ իր հերթին ձգտում է միջազգային ուժերին հեռացնել Աֆղանստանից: Այս պայքարի արդյունքում երկրում պարբերաբար արձանագրվում են ահաբեկչություններ։

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի տեղակայման որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ։ Պաշտոնապես առաքելության նպատակն է աջակցել աֆղանական ուժային կառույցներին ապահովել անվտանգությունը երկրի տարածքում։

4 responses to “ԱՄՆ ծովային հետևակն ու Մեծ Բրիտանիան ավարտեցին իրենց առաքելություններն Աֆղանստանում

  1. Pingback: ISAF-ի կազմում Վրաստանի ԶՈւ վերջին ստորաբաժանումն անցել է խաղաղապահ առաքելության | Ռազմ.info

  2. Pingback: Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Աֆղանստանում վիրավորված մայորին | Ռազմ.info

  3. Pingback: Աֆղանական Կանդահարից վերադարձել է Վրաստանի ԶՈւ վերջին զորախումբը | Ռազմ.info

  4. Pingback: Աֆղանական Կանդահարից վերադարձել է Վրաստանի ԶՈւ վերջին զորախումբը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *