Ձգտելով հավասարակշռության Կասպից ծովում. Ադրբեջանում շահագործման են հանձնել նորոգված ռազմանավերը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հոկտեմբերի 23-ին այցելել է ռազմածովային ուժերի կողմից շահագործվող կառամատույցներից մեկը, որտեղ նրան են ներկայացրել ամբողջական նորոգում և տեխնիկական վերազինում անցած ռազմանավերը, ինչից հետո դրանք իջեցվել են ջուրը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։

Նավերի ընդունման արարողություն. 23.10.2014

Նավերի ընդունման արարողություն. 23.10.2014

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնակատար, առաջին կարգի կապիտան Շահին Մամեդովը (ՌԾՈւ նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովը ձերբակալվել է 2014-ի ապրիլին՝ պետական ունեցվածքի խոշոր չափերի յուրացման և կոռուպցիայի մեղադրանքով)։

Հաղորդագրությունում նշվում է, որ նորոգումից և տեխնիկական համալրումից բացի, ռազմանավերի վրա նորովի է կազմակերպվել անձնակազմի ծառայությունը, ինչպես նաև նավաստիների բաշխումն ըստ ստորաբաժանումների, ինչի արդյունքում բարձրացել է նաև ռազմանավերի կառավարման արդյունավետությունը։

Այնուհետև Զաքիր Հասանովը շրջել է նորոգված նավերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչից հետո ռազմածովային ուժերի մարտունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ տվել է մի շարք հանձնարարականներ։

Նավերի ընդունման արարողություն. 23.10.2014

Նավերի ընդունման արարողություն. 23.10.2014

Հարկ է նկատել, որ առանձին-առանձին, Կասպից ծովում իրենց ռազմական ներուժը մեծացնում են դրան սահմանակից գրեթե բոլոր երկրները։ Գործընթացից, կարծես թե, անմասն է մնում միայն Ղազախստանը:

Կասպից ծովի շուրջ իրավիճակը, որքան էլ արտաքուստ հանդարտ է, այդուհանդերձ պարունակում է ներքին լարվածության տարրեր, որը հիմնականում կապված է ծովի ավազանի էներգակիր հանքահորերի շահագործման հետ։

Այս առումով բավական լարված են հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև։ Կասպից ծովի իրավական կարգավիճակի ըդունման հետաձգումը, ինչպես նաև ջրային պետական սահմանների հստակ բաժանման բացակայությունը վեճի առարկա է դարձրել «Քյափազ» հանքահորը, որը շահագործելու իրավունքը, հակառակ Ադրբեջանին, Թուրքմենստանը համարում է իրենը։ Կողմերն այս հարցում քիչ թե շատ համաձայնության եկան 2012-ի հունիսին, երբ պաշտոնական այցով Բաքու ժամանեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։

Բանակցությունների արդյունքում կողմերն եկան համաձայնության՝ «Քյափազ» (թուրքմենական անվանումը՝ «Սարդար») հանքահորը չշահագործել, մինչև կորոշվի Կասպից ծովի կարգավիճակը, որի ընդունումն, ի դեպ, հետաձգվում է մինչ օրս։ Չնայած ժամանակավոր «զինադադարին»՝ թե´ Ադրբեջանը, և թե´ Թուրքմենստանը, գիտակցելով, որ հնարավոր է վեճի հանգուցալուծման ցանկացած սցենար, ուշադրության կենտրոնում են պահում իրենց ռազմածովային ուժերի մարտունակության աստիճանը։

Ադրբեջանի՝ այս ուղղությամբ արվող քայլերից և ռազմանավերի վերոնշյալ արդիականացումից բացի, պետք է նշել նաև Բաքվի նավաշինական գործարանում ռազմանավերի սեփական արտադրություն հիմնելու մտադրությունը, որի մասին հայտնի դարձավ 2014-ի ապրիլին։ Նշվում էր, որ 2015-ից գործարանում սկսվելու է սահմանապահ պետական ծառայության համար նախատեսված ռազմանավի կառուցումը, որն ընդհանուր առմամբ կլինի 1991-ից ի վեր Ադրբեջանում կառուցած երկրորդ նավը։ Ռազմածովային նախորդ արտադրանքը եղել է պարեկային նավ՝ նախատեսված ՌԾՈւ-ի շահագործման համար։

Ադրբեջանի ՌԾՈւ նավատորմի ֆլագման «Գուսարներ» պահակային նավը

Ադրբեջանի ՌԾՈւ նավատորմի ֆլագման «Գուսարներ» պահակային նավը

Իսկ ահա Իրանի՝ Կասպից ծովի ավազանում դիրքերն ամրապնդելու շարժառիթները պայմանավորված են հիմնականում երկու հանգամանքով՝ լարվածության առկայություն հյուսիսային հարևան Ադրբեջանի հետ, ինչպես նաև արևմտյան երկրների՝ հնարավոր հարձակումն Իրանի վրա, որի ընթացքում Արևմուտքի դաշնակից կարող է լինել նաև Ադրբեջանը։

Իսլամական հանրապետությունը մեկ անգամ չէ, որ մեղադրել է Ադրբեջանին՝ իր թշնամիներին և հատկապես Իսրայելին աջակցելու համար։ Ժամանակ առ ժամանակ, շրջանառության մեջ են դրվում հատկապես այն տեղեկությունները, որ Իրանին հնարավոր հարված հասցնելու դեպքում Ադրբեջանը պատրաստ է արևմտյան երկրների զինված ուժերին տրամադրել իր օդակայանները ինչպես անօդաչուների թռիչքների, այնպես էլ զորքերի մատակարարման տարանցիկ կետ օգտագործելու համար։ Իրերի նման դասավորության պարագայում, բնական է, որ Իրանը պետք է պատրաստ լինի հակազդել նաև Ադրբեջանի տարածքից եկող սպառնալիքին՝ այդ թվում նաև ջրային սահմաններից։

Ինչ վերաբերում է այս ուղղությամբ տարվող գործնական քայլերին, ապա նշենք՝ բացի այն, որ Իրանը տարեկան մի քանի խոշոր զորավարժություն է անցկացնում Կասպից ծովում (դրանցից ոմանք նաև Ռուսաստանի հետ համատեղ), ավազանում ստեղծվում են նաև նոր ստորաբաժանումներ։ Նմանօրինակ քայլերից մեկի մասին հայտնի դարձավ 2013-ի հուլիսին, երբ հայտարարվեց, որ Կասպից ծովում զինված ուժերից բացի, ստորաբաժանումներ է ունենալու նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նշենք, որ այս տարածաշրջանում առաջատարի դիրքերն ամուր պահելու և ցանկացած զարգացումների արձագանքմանը պատրաստ լինելու նպատակով ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի (գլխավոր ռազմակայանը՝ Աստրախան) շարքերը բավական մեծ տեմպերով համալրում են նոր ռազմանավեր։ Միայն 2014-ին նախատեսվում է նավատորմիղը համալրել 12 նոր ռազմանավով, որոնց թվում կլինեն ինչպես պարեկային, այնպես էլ հրթիռային նավեր։

2 responses to “Ձգտելով հավասարակշռության Կասպից ծովում. Ադրբեջանում շահագործման են հանձնել նորոգված ռազմանավերը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբեր 19-25 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *