Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբերի 12-18

• ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն այցելել է Բաքու • ՌԴ Կասպյան նավատորմիղի նավերն այցելել են Բաքու Իրանի հետ համատեղ զորավարժությունից հետո • Ադրբեջանի քաղաքացի է պայթել ականի վրա • Ադրբեջանում ստուգում են մարտական պատրաստությունը • Համաձայնեցվել է վրաց-ադրբեջանական ռազմական համագործակցության 2015 թվականի պլանը • Ադրբեջանի խորհրդարանում սահմանային միջադեպերի ժամանակ տեղեկատվության արտահոսքը կանխելու ձևերն են քննարկում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ

• Հոկտեմբերի 13-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և զինված ուժերի ղեկավարության հետ: Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը հատկապես կարևորում է Կասպից ծովում երկու երկրների համագործակցությունը: Երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են Ռուսաստանի ու Ադրբեջանի՝ 2015 թվականի ռազմական համագործակցության պայմանագիրը: Զաքիր Հասանովը հայտնել է, որ ծրագրով հստակեցվել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության, համատեղ զորավարժությունների ու կադրերի պատրաստման հարցեր: Կողմերը պայմանավորվել են Կասպից ծովում երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարաշտաբային ու ռազմավարական զորավարժություններ անցկացնել։

• Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի «Դաղստան» և «Գռադ Սվիժայսկ» հրթիռային նավերը հոկտեմբերի 15-ին Իրանի ռազմածովային ուժերի հետ համատեղ մեկօրյա զորավարժության են մասնակցել, որի նպատակը Կասպյան երկրների ռազմական համագործակցության խորացումն էր։

Հատկանշական է, որ դեռևս սեպտեմբերի 29-ին Աստրախան քաղաքում Կասպից ծովի ավազանի 5 երկրների ղեկավարների չորրորդ գագաթաժողովում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Իրանին, Ղազախստանին, Թուրքմենստանին և Ադրբեջանին 2016 թվականին համատեղ զորավարժություններ իրականացնել։

Գագաթաժողովից հետո հոկտեմբերի 1-ին ՌԴ Կասպյան նավատորմիղի 2 ռազմանավերը դուրս էին եկել Մախաչկալայից՝ ուղևորվելով Ղազախստան՝ ռուս-ղազախական համատեղ զորավարժության, որի ավարտից հետո էլ շարժվել էին Իրան։

Իրանի հետ զորավարժությունից հետ Ռուսաստանի ռազմանավերը մեկնել են Բաքու։ Ռուսաստանցի նավաստիները ծանոթացել են Ադրբեջանի մայրաքաղաքին, տեսարժան վայրերին, հանդիպել Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի հրամանատարության հետ և այլն։ Ու թեև Ադրբեջանի ՊՆ-ն  ՌԴ ՌԾՈւ ռազմանավերի այցը ներկայացրեց որպես բացառիկ երևույթ, հրթիռային նավերի համար Բաքուն ընդամենը հետդարձի մի կետ էր, ընդ որում՝ Ադրբեջանի հետ զորավարժություններ նախատեսված էլ չէին։

• Հոկտեմբերի 16-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի չեզոք գոտում հակահետևակային ականի վրա պայթել է ՀՀ Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի բնակիչ, 37-ամյա Մամեդ Գարասագգալովը: Գարասագգալովը ձիով սնունդ է տարել կենդանիներին արածեցնող հորը, սակայն մառախուղի պատճառով մոլորվել է ու հայտնվելով չեզոք գոտում՝ պայթել հակահետևակային ականի վրա: Հիվանդանոցում ստիպված անդամահատել են նրա ոտքը։

• Ադրբեջանի զինված ուժերում անցկացվել են մարտական պատրաստության պլանային ստուգումներ։ Մանրամասներ Ադրբեջանի ՊՆ-ն չի տրամադրել, սակայն հայտնի է, որ ստուգումները սկսվել են հոկտեմբերի 16-ին ու ընթացքի մեջ են եղել նաև 17-ին։ Վարժանքների նպատակը զինված ուժերի անձնակազմի ու ռազմական տեխնիկայի, ինչպես նաև մարտական առաջադրանքների կատարման ստուգումն էր: Վարժանքները կատարել են նաև գաղտնի տեղափոխությունների ու մարտական պատրաստության լրիվ աստիճանի բերված վիճակում:

Ադրբեջանական զինված ուժերի «Գրադ» կայանները աստուգողական երթի ժամանակ

Ադրբեջանական զինված ուժերի «Գրադ» կայանները աստուգողական երթի ժամանակ

• Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի խորհրդարանը օրինագիծ է հաստատել, որով ադրբեջանցի զինծառայողներն այսուհետ երկրից դուրս գալու համար պիտի ստանան կառավարության համապատասխան մարմնի անհատական թույլտվություն:

Ադրբեջանի «Զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի բոլոր զինծառայողները, այդ թվում՝ միջազգային վարժանքների, հակաահաբեկչական ու փրկարարական գործողությունների մասնակիցները, երկրից դուրս գալու համար կառավարական համապատասխան ատյանից հատուկ թույլտվություն պիտի ստանան:

Օրենքը չի տարածվում միայն արտասահմանյան երկրներում Ադրբեջանը ներկայացնող ռազմական կցորդների, ռազմական ներկայացուցիչների ու նրանց օգնականների վրա։

• Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները Բաքվում երկկողմ հանդիպման ընթացքում համաձայնեցրել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության 2015 թվականի պլանը։

Մանրամասներ հայտնի չեն, սակայն Ադրբեջանի և Վրաստանի միջև իրականացվող ռազմական համագործակցության շրջանակներում կողմերը սովորաբար անցկացնում են ամենամյա համատեղ զորավարժություն, որոնց մասնակցում է նաև Թուրքիան։

• Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ, խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասքերովը հայտնել է, որ խորհրդարանը ներկայումս ակտիվ աշխատանքներ է տանումերկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի առաջադրանքների կատարման ուղղությամբ, որը ենթադրում է մի շարք միջոցառումների իրականացում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ։

2014-ի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց հրամանագիր, որով պետական մի շարք կառույցների կարգադրեց տանել աշխատանքներ՝ սահմանային լարված միջադեպերի ժամանակ տեղեկատվության արտահոսքը կանխելու, սահմանամերձ զորամասերի օպերատիվ գործողություններին վերաբերող տեղեկատվության տարածումը լրատվամիջոցներում և սոցցանցերում վերահսկելու, ինչպես նաև սահմանամերձ բնակչության շրջանում քարոզչական աշխատանքներ տանելու ուղղությամբ։

Ալիևի այս հրամանագրի ստորագրմանը նախորդել էր 2014-ի օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրումը, և ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում տարածվել էին տեղեկություններ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների տեղաշարժերի վերաբերյալ, որոշ հրապարակումներ ուղեկցվել էին նաև լուսանկարներով։

Հավանաբար հենց նմանօրինակ իրավիճակներից հետագայում խուսափելու համար է երկրի ղեկավարը ստորագրել հրամանագիր՝ նման բովանդակությամբ։

Ռազմաշաբաթը նաև Հայաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *