Ադրբեջանի զինվորականների համար երկրից դուրս գալը՝ միայն կառավարության անհատական թույլտվությամբ

Ադրբեջանի խորհրդարանն այսօր՝ 2014-ի հոկտեմբերի 17-ին, հաստատեց օրինագիծը, որով ադրբեջանցի զինծառայողներն այսուհետ երկրից դուրս գալու համար պիտի ստանան կառավարության համապատասխան մարմնի անհատական թույլտվություն: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Ադրբեջանի «Զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի բոլոր զինծառայողները, այդ թվում՝ միջազգային վարժանքների, հակաահաբեկչական ու փրկարարական գործողությունների մասնակիցները, երկրից դուրս գալու համար կառավարական համապատասխան ատյանից հատուկ թույլտվություն պիտի ստանան:

Օրենքը չի տարածվում միայն արտասահմանյան երկրներում Ադրբեջանը ներկայացնող ռազմական կցորդների, ռազմական ներկայացուցիչների ու նրանց օգնականների վրա։

Ենթադրվում է, որ սրանով Ադրբեջանում փորձում են խստացնել արտերկիր մեկնող զինծառայողների նկատմամբ վերահսկողությունը. փաստորեն նրանց թույլտվություն տալու որոշումը պաշտպանության նախարարության փոխարեն տրամադրելու են ավելի բարձր ատյաններ։ Մյուս կողմից անհրաժեշտության դեպքում սա հնարավորություն կտա արտաքին աշխարհի համար գրեթե աննկատ ձևով արգելել սպայական կազմի՝ երկրից դուրս գալը, ինչը կարող է պահանջվել, օրինակ՝ անսպասելի լայնամասշտաբ գործողություններ սկսելու համար:

«Զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում կատարվելիք փոփոխության մասին հայտնել էինք դեռևս հոկտեմբերի 11-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *