Վրաստանը դեկտեմբերից դուրս է բերում իր զորախումբը Կենտրոնական Աֆրիկայից

Վրաստանի զինված ուժերի Բաթումի առանձին հետևակային գումարտակը դեկտեմբերին կվերադառնա Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունից, որտեղ Եվրամիության հովանու ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում։ 150 հոգանոց զորախմբի վերադարձից հետո նրանց փոխարինում չի նախատեսվում։

Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն մեկնող վրացական զորախմբի զինծառայողները Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն մեկնող վրացական զորախմբի զինծառայողները
Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Այս մասին վրաստանյան Ռուսթավելի-2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Չաչիբաիան։

Շտաբի պետի տեղակալը հայտնել է, որ Վրաստանի պաշտպանության նախարարությունը չի շարունակելու իր առաքելությունը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում։

Վրաստանի զորախմբի դուրսբերման լուրը մեկնաբանել է նաև պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, նշելով, որ առաջին հերթին լրանում է զորախմբի այնտեղ տեղակայվելու ժամանակը, քանի որ դեկտեմբերին կլրանա նրանց ծառայության 6 ամիսը։ Իսկ չշարունակելու վարկածներից մեկն էլ, ինչպես հայտարարել է Ալասանիան, վրացի զինծառայողների Էբոլա վիրուսով չվարակվելու խնդիրն է։

«Բարեբախտաբար, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում Էբոլա վիրուսը դեռևս հայտնաբերված չէ, սակայն մենք հատուկ ծրագիր ունենք մեր զինծառայողներին այնտեղից տարհանելու համար, եթե նման վիրուս տարածվի։ Բայց ամեն դեպքում հույս ունեմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի», — ասել է Ալասանիան։

Վրաստանում այս որոշումը բավական անսպասելի է եղել բոլորի համար։

Դեռ 2013 թվականի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրվել է համաձայնագիր Եվրամիության և Վրաստանի միջև, ըստ որի՝ վրացական կողմը կարող է մասնակցել ԵՄ կողմից ճգնաժամային իրավիճակներում գործողությունների իրականացմանը։ Այդ պահից էլ Վրաստանը ԵՄ-ից ստացել է խաղաղապահ առաքելություն իրականացնելու հրավեր, այդ թվում նաև՝ աֆրիկյան երկրների համար։

Վրաստանն առաջարկը քննեց 2014թ փետրվարի 20-ին կայացած կառավարության նիստում։ Հենց այս ժամանակ էլ կառավարությունը համաձայնություն տվեց վրացական կողմի ներգրավմանը։

Իրավիճակը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում լարված է վերջին 1 տարվա ընթացքում։ Երկրի մուսուլման և քրիստոնյա բնակչության միջև անընդմեջ գրանցվում են զինված բախումներ, ինչի հետևանքով հակամարտության ողջ ընթացքում զոհվել է մոտ 2 000 մարդ։ Նախագահ Միշել Ջոտոդիան 2014-ի հունվարի 10-ին հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ ի զորու չէ հանգուցալուծել երկրում ստեղծված իրավիճակը։

Այժմ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռազմական առաքելություն են իրականացնում ֆրանսիական և աֆրիկյան զորախմբերն, ինչպես նաև Եվրամիությունը։ Վերջինս  հայտարարել էր, որ իր առաքելությունը տևելու է առավելագույնը 6 ամիս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *